«Մենք հայ գործընկերներին ասել ենք, որ ձեզ վստահում ենք, բայց մենք գործ ունենք Ամերիկայի հետ»․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը վստահում է Հայաստանին, չի վստահում Ամերիկային։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ վերջին հայտարարությանը։

«Հայաստանը մեր բարեկամ երկիրն է: Երկու երկրների ղեկավարների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Ուրախ ենք ցանկացած դրական քայլի համար, որ տեղի է ունենում ապաշրջափակման և Հայաստանի զարգացման ուղղությամբ»,- նշել դեսպանը:

Դեսպանի խոսքով՝ Իրանի դիրքորոշումը հստակ է․ «Մենք հայ գործընկերներին ասել ենք, որ ձեզ վստահում ենք: Բայց մենք գործ ունենք մի Ամերիկայի հետ, որը ինչպես նշեցի, շատ հստակ է՝ ինչ գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ: Մենք չենք վստահում ԱՄՆ-ին: Եվ մենք մտահոգ ենք, որ Ամերիկան այս ծրագիրը կարող է օգտագործել իր անվտանգային քաղաքականության շրջանակում»։

Խալիլ Շիրղոլամին անդրադառձել է նաև իրենց մտահոգություններին, նշել է, որ դրանք  փոխանցել են հայ գործընկերներին։

«Նրանք մեզ վստահություն են տվել, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար: Պայմանավորվել ենք, որ մեր կապը շարունակական կլինի, որ հասկանանք, թե ինչպիսին են պրոյեկտի մասշտաբները:

Հայաստանի և Իրանի հյարաբերությունները ռազմակավարական տեսանկյունից մեծ նշանակություն ունեն, և ոչ մի խնդիր չպետք է մարտահրավեր նետի դրանց: Հուսով ենք, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն և կփարատվեն»,- ասել է դեսպանը:

Leave a Comment