Մեծ Բրիտանիայի դեսպանատան ձգձգումների պատճառով հայ գեղասահորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սահմանված ժամկետներում հայ գեղասահորդներին չի տրամադրել մուտքի վիզաները, ինչի արդյունքում  հավաքական թիմը զրկվել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, հայտարարել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:

Ֆեդերացիան մանրամասնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և սպորտային զույգ Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը 2025-2026 մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկն է։

«Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Սա լուրջ հարված է մեր մարզիկների ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։ Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից», – ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիան շենգենյան գոտու մեջ չի մտնում:

Leave a Comment