
TRIPP նախագծի իրականացման շրջանակի հրապարակումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է փաստաթղթում ամրագրված հիմնական կետերին և պատասխանել լրագրողների հարցերին։
Նախարարը պարզաբանել է, թե ինչու TRIPP զարգացման ընկերությունում Հայաստանի բաժնեմասը սկզբնական փուլում կազմում է 26 տոկոս։ Նրա խոսքով՝ բաժնեմասերի բաշխումը պայմանավորված է ներդրումների ծավալով․ Միացյալ Նահանգները նախատեսում է իրականացնել զգալի ֆինանսական և քաղաքական ներդրումներ, մինչդեռ Հայաստանը հիմնականում տրամադրում է կառուցապատման իրավունքը։ Ըստ Միրզոյանի, խոսքը առաջիկա 49 տարվա մասին է, և ժամանակի ընթացքում, ներդրումների վերադարձին զուգահեռ, բաժնեմասերի հարաբերակցությունը կփոխվի՝ գրեթե հավասարվելով։
ԱԳ նախարարը նաև նշել է, որ թեև ընկերությունում ամերիկյան կողմը կունենա վերահսկիչ բաժնեմաս, կլինեն սկզբունքային հարցեր, որոնց դեպքում առանց Հայաստանի համաձայնության որևէ որոշում չի կարող կայացվել՝ անկախ բաժնեմասերի չափից։
Անդրադառնալով «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» մոդելին՝ Միրզոյանը նշել է, որ այն լայնորեն կիրառվոող մոդել է և ենթադրում է «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցում, երբ սահմանը հատող անձը չի առնչվում գործընթացի ամբողջ ծավալին, իսկ տվյալների մշակումը կատարվում է ետնաբեմում։
Նա նաև ընդգծել է, որ ստորագրված փաստաթղթում չկա որևէ համաձայնեցված, բայց չհրապարակված դրույթ։ «Համաձայնեցված է միայն այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակված է», – ասել է նախարարը։