Ըստ Արմեն Քոլոյանի՝ Փաշինյանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին մարդն է, որ Ռադիոյում երաժշտություն է ձայնագրում, իրենք վճարովի հիմունքներով նման ծառայություն վաղուց են մատուցում. «Հրապարակ»

Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը պրոֆեսիոնալ գործիքավորում է իրականացրել` ձայնագրել է իր կատարումը՝ երաժշտական պրոֆեսիոնալ խմբի հետ, մտադիր են անգամ տեսահոլովակ նկարել այդ երգի հիման վրա, որը, ըստ ամենայնի, կդառնա նաեւ ՔՊ-ի նախընտրական հիմնը։ Իսկ ձայնագրությունն իրականացվել է Հանրային ռադիոյում, ուրբաթ երեկոյան: Փաշինյանի շքախումբն այցելել է Ռադիո, այցին ընդառաջ, ավանդույթի համաձայն, թիկնազորը սանրել է տարածքը՝ ներսից ու դրսից։ ՀՌ տնօրեն Արմեն Քոլոյանը մեզ հետ զրույցում հաստատեց Փաշինյանի այցի մասին տեղեկությունը եւ վստահեցրեց, որ նա ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին մարդն է, որ Ռադիոյում երաժշտություն է ձայնագրում, իրենք վճարովի հիմունքներով նման ծառայություն վաղուց են մատուցում։

Ներկայացնում ենք Քոլոյանի հետ հարցուպատասխանը։

–    Փաշինյանն օրերս Հանրային ռադիո է այցելել, կասե՞ք՝ ինչ նպատակով։ 

–    Դա եղել է անձնական նպատակով, երեկոյան՝ աշխատանքից հետո, մասնավոր այց է եղել։

–    Եկել է՝ ձայնագրությո՞ւն արել:

–     Այո։

–    Ռադիոյի աշխատակիցնե՞րն են իրականացրել այդ ձայնագրությունը։

–     Ոչ, ինքն իր խմբով է եղել, իրենք Ռադիոյում պարզապես տեխնիկան են օգտագործել, մեզ մոտ շատ են գալիս, լիքը ուրիշ երաժիշտներ են գալիս, վճարովի հիմունքներով ծառայություն է։ Եթե ուզում եք, Դուք էլ կարող եք գալ, վճարել, ընդ որում՝ բանկային քարտով, երգել, ձայնագրվել։

–     Ի՞նչ արժե մեկ ձայնագրությունը։ 

–    Կարծեմ՝ ժամը 30 հազար դրամ է, հստակ չեմ կարող ասել։

–    Հավանեցի՞ք նրա կատարումը, լա՞վ էր նվագում։

–     Հա, չէի ասի՝ «Բիթլզի» Ռինգո Սթարն է, բայց նորմալ էր, մարդը տիրապետում էր, գիտեր՝ դա ինչ է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Leave a Comment