Մադուրոյի առևանգման ժամանակ ամերիկյան ուժերը հզոր գաղտնի զենք են կիրառել

Ըստ ականատեսի վկայության, որը շաբաթ օրը հրապարակել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, ԱՄՆ-ն հզոր գաղտնի զենք է կիրառել, որը վենեսուելացի զինվորներին ծնկի է բերել. բռնապետ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու հանդուգն գործողության ժամանակ նրանց քթից արյուն է հոսել, և նրանք արյուն են փսխել, գրում է New York Post-ը։

Հարցազրույցում անվտանգության աշխատակիցը պատմել է, թե ինչպես են ամերիկյան զորքերը ոչնչացրել հարյուրավոր գրոհայինների՝ չկորցնելով ոչ մի զինվոր և կիրառելով տեխնոլոգիաներ, որոնց նմանը նա երբևէ չէր տեսել կամ լսել։

«Մենք զգոն էինք, բայց հանկարծ մեր բոլոր ռադարային համակարգերն անհասկանալի պատճառով անջատվեցին։ Հաջորդ պահին տեսանք անօդաչու թռչող սարքեր, բազմաթիվ անօդաչուներ, որոնք թռչում էին մեր դիրքերի վրայով։ Չգիտեինք՝ ինչպես արձագանքել»,- պատմել է ականատեսը։ Ըստ նրա, այն, ինչ հաջորդել է, ոչ թե մարտ էր, այլ սպանդ։ «Մենք հարյուրավոր էինք, բայց ոչ մի շանս չունեինք։ Նրանք կրակում էին այնպիսի ճշգրտությամբ ու արագությամբ, որ թվում էր՝ յուրաքանչյուր զինվոր րոպեում 300 կրակոց է արձակում»։

Այնուհետև հայտնվել է այն զենքը, որի հիշողությունը մինչ օրս հետապնդում է նրան։

«Մի պահ նրանք ինչ-որ բան գործի դրեցին, չգիտեմ՝ ինչպես նկարագրել։ Դա նման էր շատ ուժեղ ձայնային ալիքի։ Հանկարծ զգացի, որ գլուխս ներսից պայթում է։ Հետևանքներն ակնթարթային էին ու սարսափելի։ Բոլորիս քթից արյուն սկսեց հոսել։ Ոմանք արյուն էին փսխում։ Մենք ընկանք գետնին՝ անկարող լինելով շարժվել։ Այդ ձայնային զենքից հետո նույնիսկ չէինք կարողանում ոտքի կանգնել»,- հիշում է անվտանգության աշխատակիցը։

Վենեսուելայի ներքին գործերի նախարարության տվյալներով, հունվարի 3-ի հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության շուրջ 100 աշխատակից։ Հայտնի չէ՝ նրանցից որևէ մեկը սպանվել է այդ խորհրդավոր զենքից, թե ոչ։ Ըստ անվտանգության աշխատակցի, սակավաթիվ պաշտպաններն անօգնական էին, երբ ԱՄՆ-ի փոքրաթիվ ստորաբաժանումը ոչնչացրել է նրանց։

Leave a Comment