Գրենլանդիայի վարչապետը հայտարարում է՝ իր ժողովուրդը չի ցանկանում ԱՄՆ մաս դառնալ

Գրենլանդիայի վարչապետն այսօր հստակ հայտարարել է, որ իր ժողովուրդը չի ցանկանում որևէ պարագայում Միացյալ Նահանգների մաս դառնալ։

«Եթե մենք ստիպված լինենք ընտրել ԱՄՆ-ի և Դանիայի միջև, ապա մենք կընտրենք Դանիան», – ասել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում։

Դանիայի վարչապետն, իր հերթին, շեշտել է, որ հեշտ չէ դիմակայել «ամենամոտ դաշնակիցների կողմից գործադրվող բացարձակ անընդունելի ճնշմանը»։
«Անհնար է ուժով տեղաշարժել սահմանները, կամ՝ գնել մարդկանց», -ասել է Ֆրեդերիկսենը։

Վաղը Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը Վաշինգտոնում պետք է հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների պահանջները Դանիային պատկանող ինքնավար կղզու նկատմամբ։

Leave a Comment