Հայրապետյան․ Արհեստական բանականությունը նախատեսվում է ներդնել գերատեսչությունների զանգերի կենտրոններում

Հայրապետյան․ Արհեստական բանականությունը նախատեսվում է ներդնել գերատեսչությունների զանգերի կենտրոններում

13 հունվարի 2026 – 17:17 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի աշխատանքները գնահատելու և ընթացիկ ուղղությունները քննարկելու նպատակով։ Նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտում իրականացված առաջնահերթություններն ու արձանագրված արդյունքները։ 2025-ին նախարարության հիմնական ուղղությունները եղել են թվայնացումը, ԱԲ գործիքների կիրառումը, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, հեռահաղորդակցության ոլորտը և ռադիոհաճախականությունների կարգավորման բարելավումը։

Նա նշել է, որ Արհեստական բանականությունը նախատեսվում է ներդնել գերատեսչությունների զանգերի կենտրոններում` հավելելով, որ ԱԲ ոլորտի համար անհրաժեշտ ձայնային տեխնոլոգիաներն արդեն ստեղծված են Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների կողմից և լիովին աշխատում են հայերենով։

«Լուծումն այլևս Հայաստանում կա, մարդը զանգեց՝ այդտեղ աշխատում է ձայնից տեքստ և տեքստից ձայն տեխնոլոգիան հայերենով, որն այլևս իրականություն է։ Ամբողջ շղթան մենք փակում ենք», – նշել է նախարարը։

Հատկապես կարևորվել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի՝ հարթակի գործարկումը, որը ստեղծվել է Amazon Web Services (AWS) և Mistral AI ընկերությունների հետ համագործակցությամբ։ Վարչապետի հարցին ի պատասխան՝ Հայրապետյանը նշել է, որ հարթակը բաց է ուսանողների, ստարտափների և հետազոտողների համար, իսկ 2027 թվականից հասանելի կլինի նաև Firebird AI ընկերության տրամադրած հաշվողական ռեսուրսը։

Ըստ նախարարի՝ արդեն հաստատվել է պետական աջակցության փորձնական ծրագիրը՝ ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ ռեսուրսների հասանելիություն ապահովելու նպատակով։ Միաժամանակ, 2026 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է ստեղծել քաղաքացի–արհեստական բանականություն երկխոսության հարթակ, որի տեխնիկական առաջադրանքն այժմ մշակման փուլում է։

Փաշինյանը նշել է․ «Կարծում եմ, մենք հետևյալ գործողությունը պետք է անենք, պետք է նայենք տարբեր գերատեսչություններում ինչ ստորաբաժանումներ կան, հաշվարկենք այնտեղ ինչ բյուջե և ինչ հաստիքներ կան։ Մենք առաջիկայում ջանք պետք է գործադրենք այդ բաժիններում աշխատող մեր գործընկերներին վերապատրաստելու և աշխատանքի պատրաստելու ուղղությամբ»։

Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացումը պետք է մշտապես մնա գերատեսչությունների առաջնահերթությունների շարքում։

«Ես տեսանելի ապագայում չեմ տեսնում իրավիճակ, երբ մենք ասենք՝ եկեք թվայնացումն այլևս հանենք առաջնահերթությունների ցանկից և դարձնենք սովորական պլանային միջոցառում», – ասել է վարչապետը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև «Starlink» արբանյակային ինտերնետի ներդրման գործընթացը։ Ծառայությունը Հայաստանում գործարկվել է 2025 թվականի մարտի 27-ից՝ ապահովելով բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն նույնիսկ հեռավոր բնակավայրերում։

Ամփոփելով՝ նախարարությունը հայտնել է, որ Firebird AI ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում, որի շրջանակում կստեղծվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն։ Սա լինելու է տարածաշրջանի ամենամասշտաբային նախաձեռնություններից մեկը ԱԲ ոլորտում։

Քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև Plug and Play միջազգային ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող ստարտափների աջակցման նախագծերը։ Այս ծրագրերի շրջանակում նախատեսվում է ամեն տարի աջակցել տասնյակ ստարտափների՝ մենթորությամբ, բիզնես խորհրդատվությամբ և միջազգային կապերի ստեղծմամբ։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր ռազմավարական ծրագիրը, որի շուրջ ներկայումս ընթանում են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ, նախատեսվում է հաստատել 2026-ի առաջին կիսամյակում։

Leave a Comment