Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից վճարված բնապահպանական հարկից Քաջարան համայնքին տրամադրված մասհանման շնորհիվ էականորեն բարելավվել են բժշկական կենտրոնի կարողությունները։ Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրենը ցուցադրել է այն սարքավորումները, որոնցով համալրվել են 2025 թվականի համայնքապետարանի իրականացրած առողջապահական ծրագրի շնորհիվ՝ սրտի էլեկտրական ակտիվացման դեֆիբրիլյատոր, շարժական ռենտգեն ախտորոշիչ, վիրահատարանի բազմաֆունկցիոնալ մոնիթոր։
Ծրագիրը շարունակական է լինելու, նոր սարքավորումներ էլ կբերվեն 2026-ին։ ԶՊՄԿ-ի վճարած բնապահպանական հարկի մասհանման առյուծի բաժինը ծախսվել է Գեղի գետի վտակ Պահագետի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, Քաջարան համայնքը ԶՊՄԿ-ի վճարած բնապահպանական հարկի մասհանման արդյունքում 2025 թվականին ստացել է 235 միլիոն դրամ։ Սոցիալական ծրագրերը, որ իրականացնում է ԶՊՄԿ-ն, առանցքային նշանակություն ունեն Սյունիքի և մարզում հանգրվանած արցախցիների համար։ Երկար տարիներ կոմբինատը սոցիալական հարյուրավոր ծրագրեր է իրականացրել, հատկապես Սյունիքի մարզում անգնահատելի է այն աշխատանքը, որն իրականացրել է կոմբինատը։
ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։
Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։
Աննա Մարգարյան