Պապիկյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե ինչպիսին է պատկերացնում բանակը 5 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե ինչպիսին է պատկերացնում բանակը 5 տարի անց։
«Պատկերացնում եմ, որ բանակը կլինի և՛ պայմանագրային, և՛ ժամկետային, որովհետև առանց ժամկետային զինծառայության ես չեմ պատկերացնում ՀՀ-ում զինվորական ծառայությունը։ Ավելին, ես ժամկետային զինծառայությունը տեսնում եմ խողովակ, որի միջոցով նույն Պաշտպան Հայրենյաց ծրագրով կհամալրվի մեր պայմանագրային զինծառայությունը, և պրոֆեսիոնալ բանակը կհամալրվի ու կդառնա ամբողջական», – ասաց նախարարը։
Պապիկյանի խոսքով՝ կլինի պրոֆեսիոնալ կորիզ, բայց կլինի նաև ժամկետային զինծառայություն, որտեղ ծառայելուց հետո մարդիկ կգնան պահեստազոր ,իսկ մի մասն էլ կինտեգրվի պրոֆեսիոնալ բանակին։
Նախարարը նաև հայտնեց, որ սպառազինումը շարունակվում է, պետք է շարունակվի, որովհետև առանց սպառազինության ժամանակակից բանակ ունենալ հնարավոր չէ։