Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչին ընդառաջ՝ Ջիդայի «Քինգ Աբդուլլահ» մարզադաշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր սպասելիքներով։ «Արքայական ակումբը» կիրակի երեկոյան տիտղոսը վիճարկելու է «Բարսելոնայի» հետ։
«Մենք եզրափակիչում խաղալու հնարավորություն ունենք։ Սա հատուկ հանդիպում է, և մենք իսկապես ցանկանում էինք հասնել այստեղ։ Դեր են խաղալու ինչպես ֆուտբոլային, այնպես էլ էմոցիոնալ տարրերը։ Սա եզրափակիչ է, և եթե ուզում ենք հաղթել, պետք է պատրաստ լինենք մրցակցությանը։
90 րոպե է, ամեն ինչ կարող է պատահել։ Մենք հավատում ենք և համոզված ենք, որ կարող ենք անել դա։ Մենք լավ ենք ճանաչում «Բարսելոնային», նրանք էլ՝ մեզ։ Այս փուլում գաղտնիքներ չկան. պետք է կատարյալ հանդիպում անցկացնենք թե՛ գնդակով, թե՛ պաշտպանվելիս»,- նշել է Ալոնսոն։
Մարզիչը հաստատել է, որ Կիլիան Մբապեն միացել է թիմին. «Նա իրեն շատ ավելի լավ է զգում։ «Ատլետիկոյի» դեմ խաղում նրա մասնակցությունը ռիսկային էր, ուստի որոշեցինք չշտապել՝ հույս ունենալով, որ պատրաստ կլինի եզրափակիչին։ Նա ժամանել է երեկ և կմարզվի թիմի հետ։ Մենք կգնահատենք վիճակը և կորոշենք՝ կլինի՞ մեկնարկային կազմում, թե՞ ավելի քիչ խաղաժամանակ կստանա։ Մենք կամիկաձեներ չենք, դա կլինի կառավարելի ռիսկ»։
Ալոնսոն անդրադարձել է նաև Վինիսիուս Ժունիորին. «Վինին շատ էմոցիոնալ է, և պետք է իմանալ՝ ինչպես ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Ամեն ինչ կախված է ճիշտ պահից. նա կվերագտնի իր լավագույն մարզավիճակը և նորից կսկսի վայելել խաղը։ Մեզ վաղը նա անպայման պետք է, և սա կարող է հիանալի պահ լինել նրա համար։ Հուսով եմ՝ կտեսնենք նրան ժպտալիս»։
Խոսելով պաշտպանական գծի մասին՝ Ալոնսոն նշել է. «Ասենսիոն, Ռյուդիգերը և Հյույսենը իրենց ավելի լավ են զգում։ Սա մի գոտի է, որտեղ մենք անկայունություն ունեինք վնասվածքների պատճառով, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում մյուսների համար։ Բայց վաղը եզրափակիչ է, և մոտիվացիան կօգնի մոռանալ ցանկացած անհարմարություն»։
«Լամին Յամալի մասին նոր բան չեմ ասի։ Նրա տարիքում «Բարսելոնայում» և հավաքականում ցուցադրած խաղը ֆանտաստիկ է։ Նա տարբերվող ֆուտբոլիստ է։ Գիտենք, որ նա վտանգ է ներկայացնում իր դիրքում, բայց մեր նախապատրաստությունը դրանից չի փոխվում»,- եզրափակել է «Ռեալի» մարզիչը։