📷 Կլասիկո՝ առանց ֆավորիտների. Ֆլիկը պատրաստ է մեծ ճակատամարտին — Armsport.am

Հաշված ժամեր են մնացել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի մեկնարկին։ Մրցաշրջանի առաջին տիտղոսի խաղարկությունը կրկին կունենա «Կլասիկոյի» շունչը։ Ջիդայում միմյանց դեմ դուրս կգան «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», և չնայած վերջին երեք տարիներին եզրափակիչի զույգը նույնն է, Հանսի Ֆլիկը նշել է. «Յուրաքանչյուր հանդիպում միշտ տարբեր է» և սկսվում է զրոյից՝ մրցավարի սուլիչով։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը եզրափակիչն ընդունող «Քինգ Աբդուլլահ Սպորտս Սիթի» մարզադաշտի մամուլի սրահում պատասխանել է լրագրողների հարցերին։ Չնայած կիսաեզրափակիչում «Ատլետիկի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակին (5:0), գերմանացի մասնագետն ընդգծել է սպասվող մարտահրավերի բարդությունը։

Ֆլիկի հիմնական մեջբերումները.

Թիմային խաղի մասին. «Սա Կլասիկո է, և ես ցանկանում եմ տեսնել նույնը, ինչ «Ատլետիկի» դեմ խաղում էր՝ միասնական և թիմային պայքար։ Դա այն է, ինչ ես ուզում եմ տեսնել։ Ուզում եմ, որ տղաները խաղադաշտում ցույց տան իրենց առավելագույնը։ Ինձ համար դա ամենակարևորն է»։

Ֆավորիտների մասին. «Եզրափակիչը եզրափակիչ է, իսկ «Ռեալի» դեմ խաղը բոլորովին այլ պատմություն է։ Չեմ ցանկանում լսել ֆավորիտների մասին խոսակցություններ։ Մենք ուզում ենք հիանալի հանդիպում անցկացնել և լավ ֆուտբոլ խաղալ։ Կենտրոնացած ենք խաղի վրա և վստահում եմ իմ խաղացողներին։ Կփորձենք ցուցադրել մեր լավագույն որակները՝ հաղթելու համար»։

Մրցակցի մասին. «Մադրիդը ֆանտաստիկ թիմ է, լավագույններից մեկը։ Նրանք ունեն համաշխարհային մակարդակի և բարձր որակի խաղացողներ։ Բայց ես կենտրոնացած եմ իմ թիմի վրա, քանի որ մենք ցանկանում ենք նվաճել այս տիտղոսը… Ամենակարևորը թիմն է, այլ ոչ թե՝ ով է խաղում կամ որ դիրքում»։

Հանդիպում Խաբի Ալոնսոյի հետ

Մամուլի ասուլիսից հետո, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել երկու մարզիչների՝ Հանսի Ֆլիկի և Խաբի Ալոնսոյի հանդիպումը։ «Բարսելոնայի» և «Ռեալի» մարզիչները, ովքեր վերջին անգամ հանդիպել էին մոտ երեք ամիս առաջ «Բեռնաբեուում»՝ Լա լիգայի շրջանակում, լուսանկարվել են Իսպանիայի Սուպերգավաթի հետ։

Leave a Comment