Ուշադիր հետևում եմ, թե այս իշխանության ներկայացուցիչներից ով ոնց է իրեն պահում` Եկեղեցու հանդեպ փաշինյանական կործանարար արշավի շրջանակներում:
Հստակ երևում է, որ «առաջնորդը» թույլ չի տալիս, որ որևէ մեկը պլստա` բոլորը հերթով, շարքով, կարգով «մուծվում» են` իշխանական տորթից օգտվելու և իր թիմակիցը կոչվելու պատվին արժանանալու դիմաց:
Մեկը` հաճույքով ու զվարթ, մյուսը` դժվարությամբ ու չուզենալով: Բայց ընդհանուր պատկերն այնքան նողկալի է, որ սրտխառնոցդ հազիվ ես կարողանում զսպել ու չասել` հարամ լինի ձեր կերած հացը, ավելի լավ է ցամաք հացի կարոտ մնայիք, քան այդ գնով հաց վաստակեիք և իշխանության մաս կազմեիք…
Նաև հետևում եմ ու սրտի ցավով արձանագրում, թե ինչքան ծանր են տանում այս ամենը ազնիվ, պարկեշտ, խելացի հայ մարդիկ, ինչ սրտակեղեք խոսքեր են ասում-գրում, ինչպես են իրենց պատեպատ տալիս անզորությունից, որ չեն կարողանում կանգնեցնել հայատյացների այս հորդային, ինչպես են տանջվում, որ չի հաջողվում զսպել այս հոգեխանգարվածների ընթացքն ու կանխել մեր պետությունը կործանման տանող խելագար այս մոլուցքը:
Մեկը սրտակեղեք գրառումներ է անում, մյուսը աշխատանքի գնալու պես եկեղեցի է այցելում, երրորդը հարևան-բարեկամ- գործընկերների շրջանում շուրջօրյա քարոզ է անում, չորրորդը հայհոյանքով ու անեծքով է լիցքաթափվում: Հինգերորդը երեխայի պես ուրախանում է յուրաքանչյուր հաջորդ հոգևորականի` եկեղեցուն ուղղված հավատարմության խոսքը կարդալով:
Ահա այսօր մեծ ցնծություն էր տիրադավներից մեկին գահընկեց անելու Վեհափառի որոշման առիթով: Մասյացոտնի ողորմելի եպիսկոպոսը հեռացվեց պաշտոնից, բայց մարդիկ սպասում են, որ Վեհափառն անխտիր բոլոր տիրադավներին կհեռացնի, իսկ նրանց միացած քահանաներին կարգալույծ կանի` ապալեգիտիմացնելով նրանց բոլոր հետագա քայլերը, ծեսերը: Անգամ եթե նրանք շարունակեն «գործել»` Փաշինյանական ոստիկանների հսկողությամբ, դրանից հետո իրավիճակ ու մթնոլորտ կփոխի երկրում:
Մարդիկ կիմանան, որ նրանք այլևս չեն ներկայացնում Հայ առաքելական եկեղեցին, ինքնակոչ են ու պիղծ: Հանրությունը սպասում է Վեհափառի հաջորդ քայլին…
Պարզ է, որ չար ու նենգ, իր հայակործան ծրագրերում հետևողական մեկ մարդու կամքով մեր երկիրը մտել է տուրբուլենտության ծանր շրջան և անկայուն մեր ժամանակներում սա խիստ վտանգում է մեր պետությունն ու ապագան, բայց մենք մեր ձեռքով ենք մեր պետությունը մատնել այս փորձություններին` Նիկոլ Փաշինյանին ընտրելով ոչ միայն 2018-ին, այլև 2021-ին:
2026-ին կամ մենք ինքներս մեր սխալը կուղղենք, կամ կզրկվենք պետություն, հայրենիք ունենալու բախտից ու շանսից…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից