Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի գործող ենթաօրենսդրական կարգավորումները համապատասխանեցնել անշարժ գույքի գործարքների թվայնացմանն ուղղված նոր օրենսդրական փոփոխություններին։
Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Կառավարության N 1851-Ն որոշման դրույթների հստակեցում և թարմացում
Նախագծով փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մի շարք դրույթներում՝ դրանք համապատասխանեցնելու «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված փոփոխություններին։
Մասնավորապես՝
որոշման նախաբանում կատարվում է իրավական հիմքերի հստակեցում,
ուժը կորցրած է ճանաչվում որոշման 2-րդ կետը։
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի նոր ձևաչափեր
Նախագծով վերախմբագրվում է որոշման 1-ին կետը, որով նախատեսվում է․
հաստատել նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը (N 1 հավելված),
ինչպես նաև նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրերի օրինակելի ձևերը (նոր N 2 հավելված)։
Նշվում է, որ N 2 հավելվածով ներկայումս նախատեսվում է միայն անշարժ գույքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձևը, քանի որ տվյալ կարգավորումները կրում են պիլոտային բնույթ և ունեն կիրառման սահմանափակ ժամանակահատված։
Էլեկտրոնային պայմանագրերի ուսումնասիրման և գնահատման պարտավորություն
Նախագծով նոր խմբագրությամբ սահմանվում է, որ ՀՀ արդարադատության նախարարն ու Կադաստրի կոմիտեի ղեկավարը պետք է՝
մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ուսումնասիրեն «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով ստորագրված էլեկտրոնային պայմանագրերը,
վերլուծեն դրանց կիրառման արդյունքները,
և մինչև 2027 թվականի մարտի 1-ը վարչապետի աշխատակազմ ներկայացնեն առաջարկություններ՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների հետագա կիրառման վերաբերյալ։
Ի՞նչ նպատակ ունի կարգավորումը
Նախագիծը նպատակ ունի՝
ապահովել անշարժ գույքի գործարքների թվայնացված ընթացակարգերի իրավական հստակեցումը,
ստեղծել նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային ստորագրությամբ պայմանագրերի կիրառման իրավական հիմք,
նպաստել պետական գրանցման գործընթացների ավտոմատացմանը և պարզեցմանը։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն ակնկալվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված 2021–2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեին վերաբերող միջոցառումներից։
Ակնկալվող ազդեցությունը
Ակնկալվում է՝
անշարժ գույքի գործարքների իրավական և տեխնիկական ընթացակարգերի կատարելագործում,
էլեկտրոնային պայմանագրերի կիրառման պրակտիկայի ձևավորում,
պետական ռեգիստրի ծառայությունների արդյունավետության բարձրացում։