«Առանց խաղաղության ոչինչ չի լինի» և «Թոշակները չեն հերիքում». ինչ են երևանցիները սպասում իշխանություններից

Հայ հասարակությունը 2026 թվականը դիմավորում է նկատելի սոցիալ-տնտեսական մարտահրավերների և անորոշության պայմաններում։ 2025 թվականի ընթացքում երկրում տարեկան գնաճը տատանվել է մոտ 3,1-3,9% միջակայքում՝ մնալով Կենտրոնական բանկի թիրախային միջանցքի վերին սահմանին մոտ։ Գների աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի, ծառայությունների և տրանսպորտի թանկացմամբ, ինչը անմիջական ազդեցություն է ունենում ընտանիքների բյուջեների վրա։

Միևնույն ժամանակ տնտեսության աճը գնահատվում է որպես չափավոր: Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կարող է աճել մոտ 5%-ով, իսկ 2026 թվականին՝ շուրջ 5,5%-ով։ Թեև սա վկայում է դրական դինամիկայի մասին, այդ աճը դեռևս չի վերածվում բնակչության կյանքի մակարդակի շոշափելի բարելավման։ Առօրյա ծախսերի և գների աճի համեմատ միջին աշխատավարձի աճը շարունակում է մնալ անբավարար՝ մարդկանց գնողունակության էական բարձրացում ապահովելու համար։ Այս պայմաններում զբաղվածության, սոցիալական վճարների, թոշակների և գների կայունության հարցերը շարունակում են մնալ բնակչության հիմնական մտահոգությունների շարքում։

Այս համատեքստում Armenia Today-ի նկարահանող խումբը դուրս է եկել Երևանի փողոցներ՝ պարզելու, թե որ խնդիրներն են այսօր գերակշռում քաղաքացիների առօրյա մտածողության մեջ, և որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք, նրանց կարծիքով, իշխանությունները պետք է լուծեն առաջին հերթին, որպեսզի 2026 թվականը դառնա շրջադարձային երկրի համար։

Շատ հարցվածներ ուշադրություն են դարձրել տնտեսական անկայունության և սոցիալական դժվարությունների վրա։

«Պետք է մարդկանց կյանքը բարելավել, որ աշխատանք լինի, նորմալ աշխատավարձեր լինեն, որ մարդիկ կարողանան իրենց պաշտպանել», – նշել է հարցվածներից մեկը՝ ընդգծելով եկամուտների բարձրացման անհրաժեշտությունը։

Կրկնվող և առանցքային են եղել անվտանգային հարցերը։

«Ամենակարևորը խաղաղությունն է։ Եթե երկիրը խաղաղ ապրի, կյանքը ինքն իրեն կկարգավորվի», – ասել է մեկ այլ քաղաքացի։

Այս միտքը կիսել են նաև մյուսները. «Հերիք է, որ երեխաները զոհվեն։ Ինձ համար խաղաղությունից կարևոր բան չկա»։

Որոշ հարցվածներ նշել են, որ առաջանային են համարում բանակի ուժեղացման խնդիրը՝ որպես երկրի անվտանգության հիմնական բաղադրիչ։

Մի շարք երևանցիներ դժգոհություն են հայտնել գործող իշխանությունների գործունեությունից։

«Մինչև հիմա թոշակները նորմալ չեն տվել։ Սա ի՞նչ իշխանություն է», – ասել է քաղաքացին՝ մատնանշելով սոցիալական վճարների հետ կապված խնդիրները։

Միաժամանակ հնչել են նաև հակադիր գնահատականներ։ Հարցվածների մի մասը ընդգծել է, որ անձնական դժգոհություններ չունի և գործող իշխանություններին համարում է ավելի քիչ կոռումպացված՝ նախորդ կառավարությունների համեմատ։ «Անձամբ ես խնդիր չունեմ։ Նախորդների համեմատ սա ամենաչթալանչի իշխանությունն է», – ասել է մայրաքաղաքի բնակիչներից մեկը։

Առանձին թեմա են դարձել նաև սոցիալական պաշտպանությունն ու գների աճը։

«Թոշակները բարձրացնում են, բայց գներն էլ դրանց հետ են բարձրանում։ Արդյունքում ոչինչ չի փոխվում»,- ասել է հարցվածներից մեկը՝ ընդգծելով, որ վճարների բարձրացումը չի փոխհատուցում իրական գնաճը։

Քաղաքացիները բարձրացրել են նաև կենցաղային հարցեր՝ տրանսպորտային խցանումներ, քաղաքի սանիտարական վիճակ, կրթության և առողջապահության ոլորտի հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment