ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումով Փաշինյանը հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև․ փաստաբան

10 Հունվարի, 2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․

2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․

3. կազմակերպել է եկեղեցիների (Հովհաննավանք, Թալինի Սուրբ Աստվածածին) զավթումը կամ դրա փորձը․

4. հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև:

Այս գործողությունները վերջին հաշվով տանելու են աղետի:

Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա եթե նրանցից ոմանք պետք է վախենալով կամ նյութական շահից ելնելով հանձնվեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա թող կատարեն իրենց ընտրությունը: Այդ եկեղեցականները չեն կարող հետագայում արդարանալ, թե այնպիսի բարդ իրավիճակ էր, որ չէին կողմնորոշվում, քանի որ իրականում ընտրությունը շատ պարզ է:

Մի կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արգելքը խախտած, Հայ Եկեղեցու պատմություն դասագիրքը կրթական ծրագրերից հանած, մեծ դժբախտություններ բերած և Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դուրս եկած իշխանությունն է, իսկ մյուս կողմից՝ իր Եկեղեցին:

Շատ պարզ երևում է, որ իշխանությունն է հանդիսանում Եկեղեցու հակառակորդ կողմը, ինչքան էլ փորձեն «բերման ենթարկված» եկեղեցականներով արհեստական կողմ ստեղծել: Ապստամբած 10 եպիսկոպոսները 2025թ․ մայիսի 30-ից հետո բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների այս եկեղեցահալած գործողությունների վերաբերյալ: Նույնիսկ մյուս եպիսկոպոսների հետ համատեղ հայտարարություններ են տարածել: Ո՞նց եղավ, որ հիմա անցան իշխանության կողմը:

Ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող «մեղքերը», որոնք վերագրվում են նաև ապստամբած 10 հոգևորականներին, Նիկոլ Փաշինյանին չեն խանգարում այդ տասի հետ միասնական մեկ թիմ դառնալ: Ինչ է նշանակում, եթե մեղավոր է, բայց մեր մեղավորն է, ապա խնդիր չի՞: Այս ինչ երկակի ստանդարտ է:

ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ է խախտել ու խախտելու Նիկոլ Փաշինյանը: Հանցակից մի դարձեք նրան: Ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ:

Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է: Դրա նշանները շատ են, բայց երկուսը ցույց կտամ՝

1. նրա իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի: Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ․

2. նա արդեն մոտեցել է մեր ինքնության միջուկին՝ Եկեղեցուն, որից այն կողմ արդեն ոչինչ չի լինելու, որը մեզ կպահի որպես արժանապատիվ քրիստոնյա ազգ:

Ես ընտրել եմ և ընտրում եմ Եկեղեցին:

Կատարեք ձեր ընտրությունը:

Leave a Comment