Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայրապետական տնօրինությամբ ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Չնայած դրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ պնդելով, իբրև Գարեգին Երկրորդը «Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ», ուստի նրա որոշումները «առ ոչինչ» են և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
Սրան ի պատասխան՝ փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրառում է արել՝ առաջարկելով պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման մոտեցումը։
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե օրինակ հարկատուները հրաժարվեն հարկեր վճարելուց` պատճառաբանելով այդ քայլը կառավարության ու դրա ղեկավարի դելեգիտիմությամբ:
Կամ ասենք` մարդիկ հրաժարվեն դատական ակտերը կատարելուց, քանի որ դատարաններն անկախ չեն գործադիրից:
Մերժվեն տեղական տուրքերն այն բանի համար, որ ՏԻՄ ղեկավարները խախտել են չթալանելու ուխտը:
Չենթարկվեն ոստիկանության պահանջներին՝ ոստիկանապետի քաղաքականապես կողմնակալ դիրքորոշման պատճառով:
Բանակ չգնան, քանի չեն վերադարձվել ռազմագերիները:
Չվճարեն ՀԷՑ-ի կողմից հաշվարկված էլեկտրաէներգիայի սպառման վճարները, քանի դրա տնօրենը Ռոմանոսն է։
Ցանկը շարունակելի է… »- գրել է փաստաբանը։