Որքանով են կրճատվել Գերմանիայի վիզայի հերթերը․ գործընթացը դյուրացվել է, վճարները՝ շատացել

Վերջին տարիներին Գերմանիա մուտքի վիզա ստանալու գործընթացը հաճախ ուղեկցվում էր երկար հերթերով և մինչև 10-12 ամիս տևող սպասումով։ Դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում, և որ վիզաների ստացման գործընթացում հերթեր չեն լինելու։ Ինչ է փոխվել այս ընթացքում։

Գերմանիա մեկնել ցանկացողների փակ խմբերում ամենահաճախ քննարկվող հարցերից մեկը վիզայի համար հերթագրման օրվա ամրագրումն  է ու հարցը, թե քանի ամսվա է հասել  փաստաթղթերի ներկայացման օրվա ստացման ժամկետի ստացմանը սպասելը։  Իսկ այդ ժամանակը գնալով երկարում էր՝ հասնելով ընդհուպ 10 ամսվա։  Բազմաթիվ ծրագրված կարևոր այցեր ու գործեր վիզայի ստացման խնդիրների պատճառով ձգձգվում էին կամ չեղարկվում։

Դեկտեմբերի 12-ից քննարկումների թեման փոխվել է, քանի որ Գերմանիայի դեսպանատունը փոխել է վիզաների տրամադրման ընթացակարգը։ Այդ երկիր մուտքի թույլտվության բոլոր գործառույթները պատվիրակվել են «ԹիԷլԷս կոնտակտ» ընկերությանը, որի միջոցով տրամադրվում են եվրոպական մի շարք այլ երկրների վիզաներ ևս։ Դեսպանատունն այլևս այս հարցերով չի զբաղվում։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը, ով բազմիցս վիզա է ստացել Գերմանիայի դեսպանատան միջոցով, իր վերջին վիզան ստացել է հենց այդ եղանակով։

«Ես բազմիցս  եմ դիմել  Գերմանիայի դեսպանատուն և իմ բոլոր վիզաները ստացել եմ  հենց այդ դեսպանատան միջոցով»։

«Ռադիոլուրի» զրուցակիցը նկատում է, որ TLScontact վիզաների կենտրոնի միջոցով գրանցման և դիմելու ընթացակարգը  զգալիորեն պարզեցվել է։ Նրա խոսքով՝ եթե նախկինում հերթագրման ժամկետները հասնում էին մինչև մեկ տարվա, այժմ հնարավոր է վիզա ստանալ ընդամենը մի քանի ամսվա, իսկ որոշ դեպքերում՝ 10–14 օրվա ընթացքում։

Վերջին անգամ վիզայի համար Գերմանիայի դեսպանատանը գրանցվել է դեռ ապրիլին՝ հույսով, որ մինչև դեկտեմբեր կստանա վիզա։ Ընթացքում փոխվել է ընթացակարգը։ Ենթադրում է, որ դեսպանատնից իր տվյալները փոխանցվել են վիզաների կենտրոնին։ Այստեղ նոր տվյալներ են պահանջել, բայց և վիզայի հերթ ստանալու պատուհանը շատ ավելի հեշտ ու արագ է բացվել՝ օր ամրագրելու համար։

 «Նորից գրանցվեցի էնտեղ, 2 ամիս հետո՝ մոտավոր դեկտեմբերի սկզբին, ինձ  օր նշանակեցին,  շատ պարզեցված էր ընթացակարգը, մթնոլորտն՝ ավելի լավը»։

Անհրաժեշտ  փաստաթղթերը հավաքելուց հետո գործընթացը կազմակերպվել է առանց խոչընդոտների,  9 օր անց նա ստացել է իր վիզան։

«Համակարգը  լավ է, աշխատում։ Խոսակցությունները, որ համակարգը լավ չի աշխատում, չեմ կիսում։ Իսկապես շատ հեշտ կարողանում ես և՛ մուտք գործել համակարգ, և՛ գրանցվել։ Շատ արագ մեյլով քեզ գալիս է պատասխան։ Այդ ամեն ինչը  մեյլերի և զանգերի միջոցով կարողանում ես շատ հեշտ վերահսկել»։

Զրուցակիցս ասում է՝ Գերմանիայի դեսպանատան պաշտոնական էջի միջոցով գրանցումն   ավելի բարդ էր, նոր եղանակով դիմելիս տեխնիկական խնդիրների չի հանդիպել։ 

«Այո, կրճատվել է ժամանակահատվածը, որովհետև եթե օրինակ, հունվարին պետք է մեկնեմ, ես կարող եմ արդեն, ասենք, հոկտեմբերին դիմել՝ ակնկալիքով, որ 1 ամիս կամ մեկուկես ամիս հետո օր կտրամադրեն ու  10- 14 օրվա ընթացքում կտրամադրեն վիզան»։

Վարչապետ  Փաշինյանը դեռ դեկտեմբերի կեսին  Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։

«Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու»։   

Մանրամասներ չէին ներկայացվել, նշվել էր, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալը դյուրացնելու հարցն  օրակարգում է։ Այս ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում են Եվրամիության գործընկերների հետ` ներկայացնելով քաղաքացիների այն մտահոգությունը, որ վիզա ստանալու համար ստիպված են 10 ամիս սպասել՝ ասել էր վարչապետն ու, այնուամենայնիվ, նկատել, որ վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է Հայաստանից ԵՄ երկրներ տուրիստական հոսքը` չնայած վիզա ստանալու դժվարություններին։

Գերմանիա մուտքի վիզայի դիմում ներկայացնելու համար դիմորդները նախ պետք է գրանցվեն TLScontact վիզաների կենտրոնի միջոցով, որը Գերմանիայի դեսպանատան պաշտոնական գործընկերն է։ Քաղաքացին  պետք է մուտք գործի ընկերության պաշտոնական կայք և   լրացնի պահանջվող տեղեկությունները։

«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը հենց սրան հաջորդող շղթայում արդեն նկատում է որոշակի խնդիրներ։ Երբ հասնում է պահը, որ պետք է ընտրել փաստաթղթերի ներկայացման համար օր ու ժամ, պատուհանը դատարկ տեղեր ցույց չի տալիս։ Վիզաների կենտրոնից խորհուրդ են տալիս շարունակաբար թարմացնել պատուհանը՝ տեղ բացվելուն պես օր ամրագրելու  համար։ Բայց թե երբ կբացվի՝ անորոշությունը մեծ է։

Վիզաների կենտրոնի կայքում  առաջարկվում է լրացուցիչ ծառայությունների գնացուցակ՝ մի քանի հարյուր դրամից մինչև մի քանի տասնյակ հազար դրամ արժեքով։ Խոսքը բուն վիզային վճարի մասին չէ, որը գանձվում էր նաև դեսպանատանը։ Դրան գումարվում է նաև հենց կենտրոնի ծառայության արժեքը։ Կենտրոնում գործում են նաև վճարովի հավելյալ ծառայություններ։ Փաստաթղթերի ներկայացման պայմանավորվածության առանց հերթի ու արագ ամրագրումը ենթադրում է 19 հազար դրամի վճար։ Այս դեպքում պայմանավորվածությունն ամրագրվում է հաշված օրերի ընթացքում, անգամ հնարավոր է 1 օրում՝կախված ծանրաբեռնվածությունից ու որոշ այլ հանգամանքներից։

Աշխատանքային ժամերից դուրս վիզայի դիմում ներկայացնելու համար քաղաքացուց կպահանջվի 17.000 դրամ, զբաղվա՞ծ եք աշխատանքային ժամերին գրասենյակ այցելելու համար․ փրայմ թայմ գրանցելը՝ 17 հազար դրամ։ Դիմումի ամբողջական աջակցությունը՝ 8500 դրամ։ Պատճենահանում, ծանուցում, առաքում, թարգմանություն, փաստաթղթի առաքում՝ այս բոլորն իրենց հերթին հավելյալ վճարումներ են ենթադրում։

Զրուցակիցս մտավախություն ունի, որ եթե չդիմեր վճարովի ընթացակարգով օր ամրագրելու համար, պատուհան այդպես էլ չէր բացվի։ Բայց անգամ հավելյալ վճարմանն է ինչ-որ առումով համաձայն, քանի որ այդպես գոնե Գերմանիայում ամրագրված գործերը չեղարկելու ռիսկի առաջ չի կանգնի միայն վիզայի փաստաթղթերի ներկայացման համար օր ամրագրել չկարողանալու պատճառով։ Ամեն դեպքում «Ռադիոլուր»–ի զրուցակիցները վիզայի ստացումն ավելի դյուրին ու արագացված են գնահատում։

Leave a Comment