ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է պաշտպանի Գրենլանդիան, որպեսզի այն չգրավեն Ռուսաստանը կամ Չինաստանը։
«Երկրները պետք է սեփականություն ունենան և պաշտպանեն այն։ Եվ մենք ստիպված կլինենք պաշտպանել Գրենլանդիան», — ուրբաթ օրը լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով BBC-ի հարցին։
Գրենլանդիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Պիտուֆիկ ռազմական բազայում մշտապես տեղակայված է ավելի քան 100 ամերիկացի զինվոր: ԱՄՆ-ն այդ բազան ունի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։
ԱՄՆ-Դանիա գործող համաձայնագրերի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է անսահմանափակ թվով զինվորներ ուղարկել Գրենլանդիա։
Այնուամենայնիվ, Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ վարձակալության պայմանագրերը բավարար չեն։
«Պետությունները չպետք է կնքեն ինը տարվա կամ նույնիսկ 100 տարվա պայմանագրեր», — ասել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ պայմանավորվածությունները պետք է լինեն սեփականության շուրջ։
Սպիտակ տունը վերջերս հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը քննարկում է Դանիային պատկանող ինքնավար տարածքի վրա վերահսկողություն հաստատելու մի քանի եղանակ։ Վաշինգտոնը քննարկում է կղզին գնելու տարբերակը, բայց չի բացառում նաև ուժի կիրառումը։
Դանիան և Գրենլանդիան հայտարարել են, որ տարածքը վաճառքի համար չէ։ Կոպենհագենը պնդում է, որ ԱՄՆ ռազմական գործողությունը Դանիայի դեմ կլինի Հյուսիսատլանտյան պաշտպանական դաշինքի վերջը։
Ուրբաթ երեկոյան Գրենլանդիայի հիմնական, այդ թվում նաև ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ, չենք ուզում լինել դանիացիներ, մենք ուզում ենք լինել գրենլանդացիներ։ Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները»։
Գրենլանդիան աշխարհի ամենաքիչ բնակեցված տարածքն է, բայց դրա աշխարհագրական դիրքը՝ Հյուսիսային Ամերիկայի և Արկտիկայի միջև, թույլ է տալիս հետևել ու կանխարգելել հնարավոր հրթիռային հարվածները, վերահսկել տարածաշրջանում նավագնացությունը։
ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Առանց որևէ ապացույցի նա պնդել է, որ «այն ամբողջությամբ լի է ռուսական և չինական նավերով»։
«Ես սիրում եմ չինացի ժողովրդին, ես սիրում եմ ռուս ժողովրդին։ Բայց ես չեմ ուզում, որ նրանք մեր հարևաններն լինեն Գրենլանդիայում։ Դա տեղի չի ունենա։ Եվ, ի դեպ, ՆԱՏՕ-ն պետք է հասկանա դա», — ասել է Թրամփը։
Այս շաբաթ ՆԱՏՕ-ում Դանիայի հիմնական դաշնակիցները՝ եվրոպական երկրները և Կանադան, աջակցություն են հայտնել նրան՝ հայտարարելով, որ «միայն Դանիան և Գրենլանդիան կարող են որոշել իրենց սեփական հարաբերությունները»։
Հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է բանակցություններ վարել Դանիայի հետ։
Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է Գրենլանդիայի բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների, ուրանի և երկաթի մշակման հնարավորությունը: Այս պաշարներին հասանելիությունը դառնում է ավելի հեշտ՝ գլոբալ կլիմայի փոփոխության պայմաններում սառույցի հալման պատճառով։
Գիտնականները նաև կարծում են, որ Գրենլանդիան կարող է ունենալ նավթի և գազի առատ պաշարներ։