Իրավիճակն ունի ռիսկային տարրեր․ Վարդան Ոսկանյան

10 Հունվարի, 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը.

«Երեկ գիշեր՝ նախորդի հետ համեմատությամբ, ավելի պակաս ինտենսիվությամբ, բայց, այսուհանդերձ, Իրանում շարունակվել են անկարգություններն ու բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Կրկին երկու կողմից կիրառվել է հրազեն, և կան զոհեր ու վիրավորներ, տեղի են ունեցել նաև հրկիզումներ։

Անկարգությունների վերաբերյալ հաստատված տեղեկատվություն կա Թեհրան, Մաշհադ, Քարաջ և Զահեդան քաղաքներից։

ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն չորրորդ անգամ խոսել է այն մասին, որ սպանությունների դեպքում ծանր հարված կհասցնի Իրանին։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գրասենյակը տարածել է այս երկրի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների համատեղ հայտարարություն, որով դատապարտել է Իրանի իշխանություններին։ Սա ցուցիչ է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում դուրս մնալ Իրանի շուրջ զարգացումների գործընթացից։

Իրանի գահընկեց շահի որդին տեսաուղերձով դիմել է ցուցարարներին գրավելու փողոցներ և շուրջօրյա մնալու դրանցում՝ խոստանալով վերադառնալ և լինել ցուցարարների կողքին։ Ակնհայտ է, որ վերջինս ցանկանում է իրեն ներկայացնել ցույցերի հիմնական առաջնորդ և ստանալ նաև ԱՄՆ նախագահի աջակցությունը, ինչը դժգոհություն է հարուցում իրանական սփյուռքի այլ ընդդիմադիր ուժերի շրջանում։

Համացանցն Իրանում անջատված է, սակայն իրանական լրատվամիջոցները պարբերաբար ստանում են հասանելիություն դրան՝ նյութեր և տեղեկատվություն տարածելու նպատակով։

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում»։

 

Leave a Comment