9 հունվարի 2026 – 18:32 AMT
PanARMENIAN.Net – Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է տիրում, այդուհանդերձ, իրավիճակն արագորեն փոփոխվում է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ պահպանվում է: Այդ մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը ներկայացնելով վերջին զարգացումները Հալեպում, հատկապես հայ համայնքի տեսանկյունից։
«Այսօր պատկերը բոլորովին փոխվեց, եռօրյա սարսափելի օրերից հետո այսօր որոշակի անդորր է տիրում»,- ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ սիրիական բանակը և քրդական ուժերը վերջին անգամ բախվել են առավոտյան ժամերին, հայտնում է Արմենպրեսը:
Նրա խոսքով, սիրիական ուժերը կարողացել են վերահսկողություն հաստատել այն տարածքներում, որտեղ տեղակայված էին քրդական ուժերը։
«Հիմա իրականացվում են երեք շրջաններից՝ Աշրաֆիեից, Շեյխ Մաքսուդից և Բանի Զեյդից քրդական ուժերի դուրսբերման և նրանց Եփրատի արևելք տեղափոխելու աշխատանքները։ Ռազմական գործողություններն ընդհանրապես դադարեցին, կոչ եղավ երեք շրջաններից տեղահանվածներին պատրաստվել վերադառնալ իրենց տներ։ Փառք Աստծո, որ եռօրյա ռազմական գործողությունները նվազագույն վնասներով ավարտվեցին»,- ասել է նա։
Սակայն Գաբրիելյանը զգուշացրել է, որ իրավիճակն շարունակում է մնալ անկայուն։ Վերջին ժամերին լարվածություն է նկատվել Շեյխ Մաքսուդում, քանի որ քրդական ուժերը հրաժարվել են լքել շրջանը։
«Ամեն ժամ բան է փոխվում. Շեյխ Մաքսուդի շրջանում, կարծես, խնդիր կա և ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,- նշել է նա։
Մարիա Գաբրիելյանն ընդգծել է, որ տեղական իշխանությունները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ տեղահանվածները կարող են վերադառնալ իրենց տները, իսկ սիրիական բանակը պատրաստվում է սկսել ականազերծման և անվտանգության ապահովման աշխատանքները։
Նա տեղեկացրել է նաև, որ կիրակի օրը նախատեսվում է վերսկսել պետական ու կրթական հաստատությունների աշխատանքը՝ եթե իրավիճակը մնա կայուն։
Բացի այդ, սիրիական բանակը տեղական ժամանակով 16։00-ից 18։00 բացել է միջանցքներ Շեյխ Մաքսուդի շրջանից դուրս գալ ցանկացողների համար և կոչ է արել քրդական ուժերին հանձնել զենքերը։ Գաբրիելյանի գնահատմամբ՝ եթե այդ պայմանները չկատարվեն, հնարավոր է սիրիական ուժերը ռազմական գործողությունների նոր փուլ սկսեն։
Ինչ վերաբերում է հայ համայնքին՝ Գաբրիելյանը նշել է, որ հայերը համեմատաբար քիչ են տուժել։
«Հայերը շատ չեն տուժել։ Մի քանի տներ վնասվել են և տասնյակ տների պատուհանների ապակիներն են փշրվել միայն»,- նշել է նա։
Հունվարի 6-ին Հալեպում սկսվել էին բախումներ Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, ինչը հանգեցրել էր քաղաքացիական զոհերի և մեծ նյութական վնասների։
Հունվարի 9-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հրադադարի մասին հայտարարություն էր տարածել՝ Աշրաֆիե, Շեյխ Մաքսուդ և Բանի Զեյդ թաղամասերում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։ Բանակը պահանջել էր քրդական ուժերի հեռացում՝ միայն անձնական թեթև զենք կրելու թույլտվությամբ, և պատրաստակամություն հայտնել ուղեկցել նրանց դեպի երկրի հյուսիս-արևելք՝ ապահովելով անվտանգ անցում։