Wizz Air ավիաընկերությունն անորոշ ժամկետով հետաձգել է հունվարի 9-ին նախատեսված Պրահա-Երևան չվերթը՝ ուղևորներին տրամադրելով ընդամենը մեկօրյա կացություն հյուրանոցում, իր ինստագրամյան էջում հայտնել է բլոգեր Էլեն Քանդարյանը։
Ըստ բլոգերի՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ բազմաթիվ քաղաքացիների Շենգենյան վիզաների ժամկետն ավարտվում է հունվարի 10-ին, սակայն ավիաընկերությունը հրաժարվել է տրամադրել չվերթի չեղարկման մասին պաշտոնական տեղեկանք, ինչը կարող է հանգեցնել վիզային ռեժիմի խախտման խնդիրների։
Միաժամանակ, ավիաընկերության աջակցման կենտրոնից ուղևորներին պարզապես խորհուրդ են տվել վերադառնալուց հետո նամակ գրել ընկերությանը՝ հավելելով, որ հնարավոր է փոխհատուցում տրամադրվի, սակայն որևէ երաշխիք չեն տվել։
Ուղևորների մի մասին հաջողվել է վերաձևակերպել տոմսերը դեպի Քութայիսի, իսկ մյուսները սեփական միջոցներով են ձեռք բերել դեպի Քութայիսիի կամ Ստամբուլի տարանցմամբ Երևան այլընտրանքային չվերթների տոմսեր։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է նման ավիաչվերթները. «Զվարթնոց» օդանավակայանից յուրաքանչյուր ուղևորի համար հատկացվում է 20 000 դրամ, իսկ «Շիրակ» օդանավակայանի դեպքում՝ 15 000 դրամ։
