425 հազ․ դրամի վնաս․ Ստեփանավանում տուն թալանած երիտասարդներից երկուսը ձերբակալվել են

Գործը բացահայտված է, բայց մեկը դեռ ազատության մեջ է․ Ստեփանավանի գողության մանրամասները

425 հազ․ դրամի վնաս․ Ստեփանավանում տուն թալանած երիտասարդներից երկուսը ձերբակալվել են


ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ստեփանավանում բնակարանային գողություն է բացահայտվել։


Ինչպես հայտնում են ոստիկանությունից, քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ Ստեփանավանի բնակիչ՝ 33-ամյա, 29-ամյա և 32-ամյա երեք երիտասարդ դեկտեմբեր ամսին, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Ստեփանավանի Հակոբ Մեղապարտի փողոցի տներից մեկը և գողացել կենցաղային իրեր՝ տուժողին պատճառելով 425 հազար դրամի վնաս:


29-ամյա և 32-ամյա երիտասարդները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Ստեփանավանի բաժին, որտեղ ընդունել են իրենց կողմից կատարված հանցագործությունը:


Տուժողից ընդունվել է հաղորդում:


Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Leave a Comment