9 հունվարի 2026 – 18:41 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, «Փաստինֆոյին» է տրամադրել ամուսնուց ստացած ձեռագիր նամակը՝ թույլատրելով որոշ մանրամասներ ներկայացնել նամակից՝ առանց այն հրապարակելու։
«Ուղարկած հաղորդագրությունը ստիպեց ինձ լաց լինել։ Նա խնդրել է որդուն չամուսնանալ և սպասել իրեն։ Որդուս հարսանիքը նշանակված է երկու ամսից»,– նշել է տիկին Լինդան՝ փոխանցելով, որ ամուսնու խնդրանքն իր համար անակնկալ է եղել։
Վիգեն Էուլջեքջյանը նամակում գրել է, որ հատկապես ուրախացել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա օրերին ընտանիքին ուղարկած հաղորդագրության հնարավորությունից, ինչպես նաև բարձր է գնահատել Կարմիր խաչի կողմից իրականացված այցը։ Նամակի մեջ նա իր սերն ու երախտագիտությունն է հայտնել ընտանիքի բոլոր անդամներին՝ իրենց աջակցության համար, իսկ կնոջը խնդրել է շարունակել խնամել մորը, որը երկար ժամանակ է հիվանդ է։
«Մի խնդրանք ունեմ միայն, եթե դժվարություն չկա, մի քիչ ժամանակ տաք ինձ, որպեսզի մեկ հատիկ հարսանիքը ես անեմ»,– գրել է Վիգենը։
«Մի խնդրանք ունեմ միայն, եթե դժվարություն չկա, մի քիչ ժամանակ տաք ինձ, որպեսզի մեկ հատիկ հարսանիքը ես անեմ»,– գրել է Վիգենը։
Այն հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ Վիգենը հույս ունի, որ կկարողանա ազատ արձակվել, կինը պատասխանել է, որ Վիգենի այդ խնդրանքն իրեն զարմացրել է. «Եթե անկեղծ, ես այլևս հուսահատ եմ»։
Նա նաև հայտնել է, որ նամակին զուգահեռ Վիգենը զանգահարել է ընտանիքին, որի ընթացքում պատմել է, որ առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվել է։
«Նրա համար բժիշկ են բերել, ասացին, որ նա երկար ժամանակ չի կարողանում քայլել ցավի և մեջքի սկավառակի սահքի պատճառով, բայց եթե նրան դեղորայք տան, նրա վիճակը կբարելավվի։ Չնայած դեռ մեջքի ցավը խանգարում է նրա քայլելուն, սակայն սայլակ նրան դեռ չեն տվել, ուստի նրան դեղորայք է պետք։ Առայժմ Կարմիր խաչը կարողանում է նրան ուտելիքներն ու ծխախոտ տանել»,– ասել է կինը:
Բաքվի բանտում պահվող և առողջական լուրջ խնդիրնեռր ունեցող Վիգեն Էուլջեքջյանն իր կնոջը՝ Լինդա Էուլջեքջյանին, հասցեագրված ձեռագիր նամակ է ուղարկել։ Նամակի փաստը հաստատել է Բուենոս Այրեսում գործող Հայ որբերի օգնության ընկերությունը՝ SOAR-ը:
6–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումից մեկ օր անց: Բաքվի ռազմական դատարանը 2021-ի հունիսին Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։ Վերջին շրջանում լուրեր էին հասնում նրա վատթարացող առողջական վիճակի մասին: