Մի շարք հոգևորականներ հաստատել են հավատարմությունը Մայր Աթոռին և կաթողիկոսին

Մի շարք հոգևորականներ հաստատել են հավատարմությունը Մայր Աթոռին և կաթողիկոսին

10 հունվարի 2026 – 10:42 AMT

PanARMENIAN.Net – Հայ Առաքելական եկեղեցու մի շարք հոգևորականներ հաստատել են իրենց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ մերժելով պառակտման կոչերը։

Տեր Սերոբ քահանա Ազարյանը գրել է․ «Եթե վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հավատամքի, նպատակների, մեր նահատակների թափած անգին արյան, մեր պատմական և ներկա Հայրենի հողի և դրա սրբության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դրա անսասանության կողքին»։

Տեր Եզնիկ քահան Գալստյանը գրել է․ «Ես` Եզնիկ քահանա Գալստյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ հայրապետին։ Դեմ եմ եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:

Տեր Վարդ քահանա Գյոզալյանը, որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու որդի և սպասավոր, վերահաստատել է իր անսասան որդիական հավատարմությունն ու լիակատար նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ինչպես նաև նրա գահակալ Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետին:

Նմանատիպ հայտարարություններ են արել նաև Տեր Օշին քահանա Հայրապետյանը, Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը, Տեր Նշան քահանա Պանֆյորովը, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը և այլոք:

Միևնույն ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀԱԵ բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է։ Նա հորդորել է պաշտպանել այդ քահանաներին:

ՀԱԵ բարենորոգման խորհուրդը հրավիրել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են բարենորոգման հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերն ու առաջիկա անելիքները՝ ելնելով հիմնադիր հայտարարությամբ ամրագրված սկզբունքներից ու նպատակադրումից։

Հայտարարությամբ հրապարակվել է նաև եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։

Leave a Comment