Թրամփը ձգտում է ներդրումներ կատարել Վենեսուելայում․ նավթային ընկերությունները զգուշությամբ են վերաբերվում ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կոչ է արել խոշոր նավթային ընկերությունների ղեկավարներին ներդրումներ կատարել Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ: Թրամփը ցանկանում է, որ նավթային ընկերությունները Վենեսուելայում ներդնեն առնվազն 100 միլիարդ դոլար, սակայն ընկերությունները մինչ այժմ զգուշությամբ են վերաբերվում նախագահի նախաձեռնությանը։

Սպիտակ տանը կայացած հանդիպմանը մասնակցել են Exxon Mobil, ConocoPhillips, Chevron, Halliburton և այլ էներգետիկ ընկերությունների ղեկավարներ: Exxon-ի գործադիր տնօրեն Դարեն Վուդսը անկեղծորեն հայտարարել է, որ առանց լուրջ փոփոխությունների և լայնածավալ բարեփոխումների «այսօր Վենեսուելայում ներդրումներ կատարելն անհնար է»։

Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ ապացուցված հում նավթի պաշարները, սակայն թղթի վրա առկա հսկայական պաշարները չեն նշանակում արագ կամ շահութաբեր արտադրություն: Վենեսուելայի նավթարդյունաբերությունն ունի հին, քայքայվող ենթակառուցվածքներ, և վատ կառավարում: Երկիրն այժմ արտադրում է օրական մոտ մեկ միլիոն բարել նավթ (համաշխարհային արտադրության 1%-ից պակաս): Վերլուծաբանները կարծում են, որ երկրի կարևորագույն ենթակառուցվածքների վերականգնումը կարող է տևել մի քանի տարի և պահանջել զգալի ներդրումներ։

Թրամփը նավթարդյունաբերության աշխատողներին ասել է, որ այսուհետ ԱՄՆ վարչակազմն է ընտրելու, թե որ ընկերություններն են գործելու Վենեսուելայում, այլ ոչ թե Վենեսուելայի կառավարությունը։

«Մենք կորոշենք, թե որ նավթային ընկերությունները կմտնեն… մենք գործարք կկնքենք ընկերությունների հետ։ Դուք այժմ ունեք լիակատար անվտանգություն։ Սա բոլորովին այլ Վենեսուելա է», — ասել է Թրամփը Սպիտակ տանը։

Խոշոր նավթային ընկերությունների ղեկավարները ընդունել են, որ Վենեսուելան հսկայական ներուժ ունի, բայց դեռևս որևէ կոնկրետ ֆինանսական պարտավորություն չեն ստանձնել։

«Մեր ակտիվները այնտեղ արդեն երկու անգամ բռնագրավվել են, ուստի, ինչպես հասկանում եք, երրորդ անգամ վերադառնալու համար անհրաժեշտ կլինեն բավականին էական փոփոխություններ՝ համեմատած այն ամենի հետ, ինչ մենք տեսել ենք նախկինում և ինչ ունենք հիմա», — ասել է Exxon Mobil-ի գլխավոր տնօրեն Դարեն Վուդսը՝ Վենեսուելան անվանելով «ներդրումների համար ոչ պիտանի»։ Exxon-ի ակտիվները ազգայնացվել են 2007 թվականին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի նախագահության օրոք։

Գործարարներին մտահոգում է քաղաքական անկայունությունը և անվտանգության երաշխիքների բացակայությունը։ Թրամփը վստահեցրել է ներկաներին, որ նրանք պաշտպանված կլինեն։

«Chevron»-ը, որին բաժին է հասնում երկրի նավթի արտադրության մոտավորապես մեկ հինգերորդը, հայտարարել է, որ ակնկալում է ավելացնել արտադրությունը։ «Exxon»-ը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կուղարկի տեխնիկական խումբ՝ իրավիճակը գնահատելու համար։

«Repsol»-ը, որն այժմ օրական արտադրում է մոտ 45,000 բարել, հայտարարել է, որ բարենպաստ պայմաններում տեսնում է Վենեսուելայում իր արտադրությունը եռապատկելու ներուժ։

Մյուս ընկերությունների ղեկավարներ նույնպես նշել են, որ Թրամփի խոստումները կարող են խթանել ներդրումները և հույս են հայտնել օգտվել իրավիճակից։

Leave a Comment