
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ անցյալ շաբաթ զգուշացրել էր Թեհրանին, որ ԱՄՆ-ն կարող է օգնության հասնել ցուցարարներին, նախօրեին ևս մեկ նախազգուշացրեց. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»։
«Ես պարզապես հույս ունեմ, որ Իրանում ցուցարարները անվտանգ կլինեն, քանի որ դա այժմ շատ վտանգավոր վայր է», – հավելել է Թրամփը:
Իրանի գերագույն առաջնորդը Թրամփին կոչ է արել զբաղվել ԱՄՆ ներքին խնդիրներով, «եթե կարող է»: Երեկ հեռարձակված ելույթում այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, «ովքեր զբաղվում են ավերածություններով», վնասում են հանրային սեփականությունը՝ փորձելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին: Խամենեին զգուշացրել է՝ Իրանը չի հանդուրժի նրանց, ովքեր որպես «օտարերկրացիների վարձկաններ» են գործում:
Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցերը շարունակվում են: Երկրում անջատվել է ինտերնետը: Դա հաստատել է նաև ինտերնետի ազատության հարցերով զբաղվող Netblocks խումբը: Ինտերնետի բացակայության պատճառով՝ Իրանից տեղեկատվության ստացումը նվազել է: Դեպի Թեհրան և այլ քաղաքներ մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում՝ Դուբայից և Ստամբուլից: Իրավապաշտպան խմբեր նախօրեին հայտարարել են, որ դեկտեմբերի 28-ին սկսված ցույցերից ի վեր գրանցվել է առնվազն 62 մահվան դեպք, այդ թվում՝ 14 անվտանգության աշխատակից և 48 ցուցարար։
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները ուրբաթ օրը համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են ցուցարարների սպանությունը և կոչ են արել Իրանի իշխանություններին զերծ մնալ բռնությունից։
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը խիստ անհանգստացած է մարդկային կորուստների կապակցությամբ։
«Աշխարհի ցանկացած վայրում մարդիկ իրավունք ունեն խաղաղ ցույցեր անցկացնել, և կառավարությունները պարտավոր են պաշտպանել այդ իրավունքը և ապահովել, որ այդ իրավունքը հարգվի», – ասել է կազմակերպության խոսնակը: