AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարում է, որ ամբողջ պատասխանատվությունը Նարեկ Սամսոնյանի առողջության և կյանքի համար կրում են ՀՀ իշխանությունները

Դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ևս երեք ամսով երկարաձգումը իրավական չէ, քաղաքական է և ծայրահեղ վտանգավոր Հայաստանի համար։ Այս որոշմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը ոչ թե իրականացրեց արդարադատություն, այլ դարձավ քաղաքական կամքի գործիք՝ խոսքի ազատության դեմ շարունակվող արշավում։

«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են ոչ թե հանրային վտանգավոր արարքի, այլ փոդքասթի ընթացքում իրենց խոսքի, դիրքորոշման և ՀՀ ազգային ժողովի նախագահի հայհոյանքին պատասխանելու համար։ Այդ արձագանքի ընթացքում Նարեկ Սամսոնյանն ընդամենը «հետույք» բառն է օգտագործել։ Նարեկ Սամսոնյանը AntiFake.am-ի հիմնադիրն ու ղեկավարն է, անկախ մեդիայի ներկայացուցիչ, ում գործունեությունն ուղղված է եղել իշխանության գործողությունների բացահայտմանը և հանրային վերահսկողությանը։

Այսօր դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ որպես ապօրինության դեմ վերջին միջոց։ Սա ծայրահեղ քայլ է, որը ծնվել է ոչ թե հուզական պոռթկման հետևանքով, այլ քննիչների և դատախազի և դատավորների մասնակցությամբ իրավական համակարգային խուլիգանությանը վերջ տալու նպատակով:

Մենք արձանագրում ենք․

քրեական գործի նախաքննությունն ավարտված է, գործը գտնվում է դատաքննության փուլում, վարույթին խոչընդոտելու որևէ ռիսկ գոյություն չունի, Նարեկ Սամսոնյանն ունի երկու անչափահաս երեխա և ընտանիքում միակ կերակրողն է, Վերաքննիչ դատարանը Նարեկ Սամսոնյանի պարագայում արձանագրել է կալանքի կիրառման դատական սխալ, և այս պայմաններում կալանքի երկարաձգումը այլևս ոչ մի իրավական բացատրություն չունի։

Սա դասական օրինակ է այն բանի, ինչ միջազգային իրավունքում կոչվում է chilling effect — երբ մեկ մարդու դեմ կիրառված բռնաճնշումը ուղերձ է բոլորին․ լռեք, հակառակ դեպքում կկործանվեք։

Մենք դիմում ենք․

Հայաստանի Հանրապետության իշխանություններին — անհապաղ դադարեցնել խոսքի ազատության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումները։

Դատական իշխանությանը — գիտակցել սեփական որոշումների հետևանքները և պատասխանատվությունը մարդու կյանքի ու առողջության համար։ Անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

Հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ներին — չլռել, չլուսաբանել այս գործը որպես «սովորական քրեական վարույթ»։

Միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին — արձագանքել, արձանագրել և գնահատել այս գործը որպես քաղաքական հետապնդում։

Ընդդիմադիր քաղաքական գործիչներին և հասարակական դերակատարներին — լռությունը այս պահին ոչ թե չեզոքություն է, այլ մասնակցություն։

 

AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարում է, որ ամբողջ պատասխանատվությունը Նարեկ Սամսոնյանի առողջության և կյանքի համար կրում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները։

 

Մենք շարունակելու ենք պայքարը՝ բոլոր իրավական, հանրային և միջազգային հարթակներում։

 

AntiFake.am-ի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment