Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը: 2001 թվականի հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում գրանցվեցին ոսկրածուծի և ցողունային բջիջների առաջին կամավոր հայ դոնորները։ Այդ օրվանից կառավարության որոշմամբ՝ հունվարի 8-ը Հայաստանում նշվում է որպես Ոսկրածուծի Դոնորների օր: Այսօր ռեեստրն ունի ավելի քան 35.000 դոնոր, կատարվել է 44 փոխպատվաստում, ինչը զգալի արդյունք է համարվում, բայց՝ ոչ բավարար։ Ցողունային բջիջներ են նվիրաբերել Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից: Նրանց միավորում է մարդասիրությունը և հիվանդներին օգնելու մեծ ցանկությունը:
2025 թվականը առանձնացավ հենց Հայաստանում՝ ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կատարված մանկական և մեծահասակների ալոգեն փոխպատվաստումներով, որոնց դոնորների ընտրության հարցում որոշիչ են Ռեեստրի լաբորատորիայում կատարված HLA տիպավորումները։ Այսպիսով, այս գործակցության արդյունքում Հայաստանում ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման ամբողջական գործընթացն արդեն իրականություն է։ Ռեեստրը անդամակցում է փոխպատվաստման բնագավառում բոլոր հեղինակավոր կառույցներին։ Ռեեստրի բոլոր աշխատակիցները ունեն միջազգային որակավորում: