Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ․ պարզաբանում է քննիչը

Iravaban.net–ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ մեկնարկում է «Հակակոռուպցիոն քննիչի դիտանկյունից» նոր նախագիծը, որը թույլ կտա բացահայտել և ճանաչել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին։

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր    ճանապարհով ձեռք բերած 140  մլն ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ։ Iravaban.net–ի հետ զրույցում մանրամասնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Մարիամ Այդինյանը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2010-2018 թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձը 2013 թվականի սեպտեմբերի 16-ին կազմակերպել է Երևանի կենտրոնում գտնվող՝ 0.0250 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ-վաճառքի անցկացումը և դրա վերաբերյալ կեղծ բովանդակությամբ արձանագրության կազմումը, որի արդյունքում աճուրդին փաստացի չներկայացած նրա մտերիմը ճանաչվել է հաղթող, և կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է նշված հողամասի ընդլայնման ապօրինի գործընթաց՝ չարձանագրելով օտարվող հողամասում ինքնակամ կառույցի առկայությունը և չկազմակերպելով դրա օրինականացման գործընթացը, որի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։

Այնուհետև, չարաշահելով պաշտոնեական դիրքը, նշված պաշտոնատար անձը  կազմակերպել և համաձայնեցրել է վերը նշված հողամասի վրա քաղաքաշինական մի շարք նորմերի խախտումներով կառուցվող բազմաբնակարան շենքի վերաբերյալ շինարարության թույլտվության տրամադրման գործընթացը, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով։ Հետագայում  քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցված բազմաբնակարան շենքը, կից 0․0445 հա հողամասի հետ մեկտեղ, 2018 թվականին շինծու նվիրատվության պայմանագրով անհատույց հանձնվել է նշված պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին: Այդ կերպ քաղաքապետարանի պաշտոնյան օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 140 108 050 ՀՀ դրամ արժեքով գույքը։

Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան

Leave a Comment