Գրենլանդացիների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում դառնալ ԱՄՆ քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով Verian ընկերության իրականացրած հարցմանը։
Հարցման համաձայն՝ գրենլանդացիների 85 տոկոսը չի ցանկանում դառնալ ամերիկացի, քանի որ կարծում է, որ Դանիայում կենսամակարդակը շատ ավելի բարձր է։ Մասնավորապես, գրենլանդացիները մտահոգված են ԱՄՆ-ում հանցագործությունների եւ թանկ բժշկական սպասարկման պատճառով։
FT-ի հոդվածի հեղինակները նաեւ ենթադրել են, որ ԱՄՆ-ը կարող է 57 հազար գրենլանդացու առաջարկել ամերիկյան անձնագիր եւ 1 միլիոն դոլար յուրաքանչյուրին, եթե նրանք կամավոր համաձայնեն դառնալ Միացյալ Նահանգների մաս։ Բացի այդ, պարբերականը կարծում է, որ միլիարդատեր Իլոն Մասկը կարող էր յուրաքանչյուր գրենլանդացու Tesla մեքենա նվիրել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ 2025թ․ մայիսին NBC News հեռուստաալիքի հարցազրույցում նա չի բացառել ուժի կիրառման հնարավորությունը խնդիրը լուծելու համար։ Հունվարի 6-ին Սպիտակ տունը, Reuters-ին տրամադրած գրավոր հայտարարության մեջ մեկնաբանելով Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրերը, ընդգծել է, որ «իհարկե, ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը միշտ էլ գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ Թրամփի համար հասանելի տարբերակ է»։ Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հունվարի 7-ին պարզաբանել է, որ Թրամփն իր ենթակաների հետ ակտիվորեն քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։