Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից և խախտում է միջազգային նորմերը։ Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի դեսպաններին ուղղված իր ամենամյա ուղերձում, հայտնում է Le Modne-ը։
Մակրոնն ասել է, որ աշխարհը մտել է մեծ տերությունների մրցակցության և «աշխարհը բաժանելու գայթակղության» դարաշրջան, որը նա բնութագրել է որպես «նոր իմպերիալիզմի դրսևորում»։ Ֆրանսիայի առաջնորդը խստորեն քննադատել է Վաշինգտոնի քաղաքականությունը, նա նաև Չինաստանին և Ռուսաստանին է հիշատակել որպես համաշխարհային անկայունության գործոններ։
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ գործողությունների վերաբերյալ եվրոպական երկրների մտահոգությունների ֆոնին, մասնավորապես՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից և Գրենլանդիան զավթելու մտադրության մասին Թրամփի հայտարարություններից հետո։ Մակրոնը կոչ է արել եվրոպական պետություններին չլինել «պասիվ դիտորդներ», այլ ակտիվորեն պաշտպանել իրենց շահերը։ Նա նաև պաշտպանել է ՄԱԿ-ի ավելի ուժեղ դերը՝ նշելով, որ բազմակողմ ինստիտուտները թուլացել են, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից տասնյակ միջազգային կազմակերպություններից և համաձայնագրերից դուրս գալու որոշումից հետո։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ չէ խոստանալ Ուկրաինային ամերիկյան աջակցության ավելացում, եթե հակամարտությունը շարունակվի։ Հարցին, թե կարգավորման ինչ ժամկետների մասին է խոսքը, Թրամփը նշել է, որ կոնկրետ ժամկետներ չկան։ Հրատարակության համաձայն՝ ամերիկացի նախագահը հստակորեն հասկացրել է, որ մտադիր չէ որևէ նախնական պարտավորություն ստանձնել Կիևին տրամադրվող օգնությունը մեծացնելու վերաբերյալ՝ երկարատև հակամարտության դեպքում։
Հունվարի 6-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները Փարիզում ստորագրել էին հրադադարից հետո Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժերի տեղակայման վերաբերյալ հռչակագիր։
