Շատ դժվար է մեկնաբանել անմեկնաբանելին․ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը՝ վարչապետի՝ ՀԷՑ-ին վերագրվող հայտարարության մասին

ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀԷՑ-ի հնարավոր չարաշահումների վերաբերյալ հայտարարությունը


ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի/Նովոստի–Արմենիա/ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում նա ասել է , որ ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել։


Նրա խոսքով՝ շատ դժվար է մեկնաբանել անմեկնաբանելին։


«Երբ երկրի ղեկավարը հայտարարում է կառավարության շենքում, որ ՀԷՑ-ը գողացել է ամեն ընտանիքից և ամենայն պատասխանությամբ, ինչքան հիշում եմ, սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դե չի կարող ասել` այդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ, արդեն տարբերությունը նկատելի է», – ասել է Ղազինյանը։


Նրա խոսքով՝ Ռոմանոս Պետրոսյանի կառավարիչ դառնալու օրվանից խոսվում էր 20-ից ավելի քրեական վարույթների մասին, սակայն մինչ օրս պարզ չէ՝ որտեղ են դրանք։


Ըստ Ղազինյանի՝ եթե նման վարույթներ կան, ապա հարց է առաջանում՝ ինչու իրավապահ մարմինները չեն կարողանում բացահայտել այդ հավելագրումների դեպքերը։


«Եթե հիշում եք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) լիցենզիայի զրկման ֆարսի ժամանակ իրենք բերել էին վարույթով մեր ժամանակվա արած բացահայտումները, ապրիլ-մայիս ամիսների արած բացահայտումները», – նշել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ իրենք նույնպես զբաղվել են հավելագրումներով։


Ղազինյանը հայտնել է, որ համակարգը կառուցված է այնպես, որ հաշվիչները թույլ չեն տալիս հավելագրում անել՝ հաշվի առնելով, որ դրանք մեծ մասի դեպքում բացառում են մարդկային գործոնը, իսկ եթե անգամ հավելագրում արվել է բազայում, այդ հաշվիչը կամ պետք է հանվի, կամ պետք է կորի, կամ պետք է գնա լաբորատորիա և այնտեղ ֆիքսվի։


Նա վստահություն է հայտնել, որ չկան այնպիսի փաստեր, որոնք ապացուցում են, որ եղել է հավելագրում։


ՀԷՑ-ում կատարված հնարավոր հավելագրումների մասին


Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել էր, որ ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում ՀԷՑ-ը փող չի գողացել։


Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այդ հայտարարությանը և հայտնել, որ տիրապետում է ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են վարչապետի խոսքերը, և ավելին՝ ՀԷՑ-ի կառավարման նախորդ շրջանի բազմաթիվ խախտումների, առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի հիման վրա այս պահին Քննչական կոմիտեում և Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված են շուրջ երկու տասնյակ քրեական վարույթներ։


Պետրոսյանը հայտնել է, որ այդ փաստերի ու համակարգային խախտումների հիմքով էր նաև, որ ՀԾԿՀ-ն հարուցված վարույթի արդյունքում 2025թ. նոյեմբերի 17-ին ՀԷՑ-ին զրկեց բաշխման լիցենզիայից։


Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ վարչապետը նկատի է ունեցել բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի հավելագրումների փաստերը՝ տասնյակ հազարավոր ընտանիքների, կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների հաշվառման սարքերում, որոնք իրականում չեն սպառել այդ ծավալները, սակայն տարիներ շարունակ վճարել են դրանց դիմաց, ինքնավար էներգաարտադրողների՝ արևային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների էական թերգրանցումները, որոնք վերադարձվել են ՀԷՑ-ի բաշխիչ ցանց և չեն փոխհատուցվել, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ներառված ներդրումային ծրագրերի ուռճացված ծախսերը, որոնք իրականացվել են շուկայական գներից բազմապատիկ բարձր արժեքներով՝ ֆինանսական բեռը դնելով քաղաքացիների վրա։


 

Leave a Comment