Երևանում քննարկվել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացման ուղղությունները

Երևանում քննարկվել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացման ուղղությունները

9 հունվարի 2026 – 18:18 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 8-ին Երևանում կայացել են ՀՀ և Իրանի արտաքին գործերի նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Քննարկումներին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին։

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան–Իրան երկկողմ համագործակցության լայն շրջանակին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին։

Վահան Կոստանյանն ու Մաջիդ Թախթ Ռավանչին ընդգծել են, որ երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունն ունի աճող դինամիկա, որը արտահայտվում է տարբեր մակարդակներում իրականացվող փոխադարձ այցերով։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև առկա վճռականությունը՝ հարաբերությունները զարգացնելու ռազմավարական գործընկերության մակարդակով։

Քննարկվել են համագործակցության հեռանկարներ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկա, ենթակառուցվածքներ, առողջապահություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլ բնագավառներ։ Անդրադարձ է կատարվել նաև առկա ծրագրերի ընթացքին և զարգացման հնարավորություններին։

Վահան Կոստանյանը հատուկ անդրադարձ է կատարել տարածաշրջանային կապակցվածության խթանմանը միտված նախաձեռնություններին՝ շեշտադրելով «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրագործումից բխող հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ինչպես տնտեսական ինտեգրմանը, այնպես էլ տարածաշրջանի կայունությանը։

Leave a Comment