Որքա՞ն գումար է հատկացվել կենսաթոշակային ապահովության և նպաստների ոլորտներում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է 2025 թվականին իրականացված բարեփոխումները և ծրագրերը, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովության և նպաստների ոլորտներում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

1 Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման նպատակով 2025 թ․ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 20.9 մլրդ դրամ՝ շուրջ 37420 երեխայի համար, 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է շուրջ 18.6 մլրդ դրամ, իսկ երեխաների թիվը՝ 34270:

2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար սահմանվել է ծննդյան միանվագ նպաստի համահարթ չափ՝ 500,000 դրամ։

2․ Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցության ծրագրի իրականացման համար 2025 թվականին պետական բյուջեով հատկացվել է շուրջ 27.1 մլրդ դրամ՝ շուրջ 45,103 երեխայի համար: 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է՝ շուրջ 25.1 մլրդ դրամ, իսկ երեխաների միջին ամսական թիվը՝ 39772:

Իրականացված բարեփոխումների շրջանակում՝ 2026 թվականի հունվարի 1-ից աջակցությունը կդառնա պետական նպաստ։

3․  Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի  տրամադրման նպատակով 2025 թ․ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 30.2 մլրդ դրամ՝ շուրջ 67943 երեխայի համար, 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է շուրջ 28.0 մլրդ դրամ, իսկ երեխաների միջին ամսական թիվը 60582 է:

4․ Դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման ծրագրի շրջանակում 30.12.2025 թ. դրությամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի դիմաց մասնակի փոխհատուցում է հատկացվել 259 շահառու ծնողի: 2025 թ․ պետական բյուջեով հատկացվել է 82.3 մլն դրամ՝ 55 շահառուի համար, որից 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է շուրջ 69.8 մլն դրամ՝ 30 շահառուի համար: 

Ծրագրի բարեփոխման նպատակով 2025 թվականի ապրիլի 17-ից վերանայվել է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցման առավելագույն չափը, ըստ որի նախկինում սահմանված 5.5 մլն դրամի փոխարեն սահմանվել է 8 մլն դրամ: 

5 2025 թվականին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման իրավունք է տրվել նաև մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց: 2025 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 մլրդ դրամ՝ շուրջ 5337 ավանդատուի ավանդի դիմաց փոխհատուցում հատկացնելու համար։

2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է շուրջ 820.0 մլն դրամ՝ 4300 շահառուի համար: Մեկ անձին հասանելիք փոխհատուցման միջին չափը կազմում է շուրջ 191,000 դրամ:

6․ Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 % հետվճարի ծրագրից2025 թ․դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ օգտվում է 378,127 քաղաքացի․ մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4189 դրամ է։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 342.0 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ հետվճարի տեսքով շահառուներին հետ է վերադարձվել շուրջ 31.5 մլրդ դրամ։

2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի  հետվճարի չափը դարձել է 20 %՝ մինչև 10,000 դրամ։

7 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի մեկնարկից սկսած՝ ծրագրից օգտվել է 8,165 անձ, որոնցից 1559-ի վարկերը ամբողջությամբ մարվել են․ 2,063 շահառու (26%) միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն։

Հունվարի սկզբի դրությամբ աջակցություն ստացող (ակտիվ) շահառուների թիվը 5,072 է։ Դեկտեմբեր ամիսը ներառյալ շահառուների աշխատավարձից առաջացած եկամտային հարկից վարկերի մարման աջակցությանն է ուղղվել 1.3 մլրդ դրամ։

Շրջանառվում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է՝

  • •      դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ներառյալ,
  • •      սահմանել աջակցության իրավունքի դադարեցման համար եկամտային հարկի առավելագույն չափ՝ 150,000 դրամ,
  • •      սահմանել ընթացակարգեր՝ քրեակատարողական ծառայությունում աշխատող անձանց ևս միջոցառումից օգտվելու հնարավորության ապահովման նպատակով:

8 2025 թ․ սեպտեմբեր ամսից գործում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ։ 2025 թվականի սեպտեմբեր ամսից նպաստները նշանակվում, հաշվարկվում և վճարվում են Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չունի․ եթե անաշխատունակության թերթիկը բացված է, ապա նպաստը կփոխանցվի ինքնաշխատ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։

9 Պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։ Օրենսդրական փոփոխությունների թվում՝

  • ընդլայնվել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2004 թթ. ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկն ընդլայնվել է ի հաշիվ 1992-2004 թթ. գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական  հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։
  • Միասնականացվել են աշխատանքային ստաժը հաստատելու ընթացակարգը՝ 1992–2013 թվականների ժամանակահատվածների աշխատանքային ստաժը հաստատելիս աշխատանքային գրքույկի պատշաճ գրառումների և ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելու տեղեկատվության առկայության դեպքում աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր չեն պահանջվի։
  • Պարզեցվել է Ղարաբաղի տարածքում աշխատած անձանց աշխատանքային ստաժը հաստատելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի արխիվները հիմնականում չեն պահպանվել։ Ինչը նշանակում է, որ Ղարաբաղի տարածքում աշխատած 1992-2013 թթ.  ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ առկա չէ։ Ուստի նշված տարիների աշխատանքային ստաժը կհաստատվի նաև այն դեպքերում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթերը։

 

10 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստները, այդ թվում՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստները և կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով։

Leave a Comment