Արցախի այն քաղաքացիները, որոնք ունեցել են Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր, համարվել են ՀՀ քաղաքացիներ՝ անկախ անձնագրում նշված 070 կամ այլ կոդից․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։
«Կոդով չի որոշվում քաղաքացիությունը։ Եթե կա Հայաստանի Հանրապետության անձնագիր, ապա անձը համարվում է ՀՀ քաղաքացի։ Եթե այսօր ասում են, որ դա եղել է ճամփորդական անձնագիր, թող ներկայացնեն համապատասխան օրենքը կամ իրավական հղումը, որտեղ նման բան հստակ նշված է»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ միայն 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո է, որ իշխանության խոսույթում հայտնվել է «ճամփորդական անձնագիր» ձևակերպումը։ Դանիելյանը պնդում է՝ Կառավարության որոշմամբ, փաստացի մեկ օրում, 070 կոդով անձնագիր ունեցող մարդիկ զրկվել են ՀՀ քաղաքացիությունից, ինչը նա համարում է հակաօրենսդրական քայլ։
Անդրադառնալով արցախցիների բնակարանային ծրագրին՝ Դանիելյանը նշեց, որ գործընթացում ստեղծվել են արհեստական խոչընդոտներ։
«Եթե մարդն ունի անձնագիր և ցանկանում է օգտվել Կառավարության ծրագրից, ինչո՞ւ պետք է ամիսներով սպասի, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծախսի, անցնի բարդ ու ձգձգվող փաստաթղթային գործընթաց։ Շատ դեպքերում մարդիկ պարզապես չեն կարողանում օգտվել ծրագրից»,- ասաց նա։
Դանիելյանը նաև անդրադարձավ այն մտավախություններին, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջը կարող է ուղղված լինել արցախցիների վերադարձի իրավունքի սահմանափակմանը։
«Ոչ ոք չի կարող մեզանից խլել վերադարձի իրավունքը։ Քաղաքացիություն ստանալը որևէ կերպ չի վերացնում այդ իրավունքը։ Եթե մարդը ՀՀ քաղաքացի է, դա չի նշանակում, որ նա զրկվում է իր պատմական կամ իրավական պահանջներից»,- ընդգծեց նա։
Դանիելյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը քաղաքական որոշումների արդյունք է, իսկ հանրության մեջ տարածվող վախերն ու շփոթը հաճախ ուղղորդված են։