Պապոյան. Բաքվի հետ բանակցում են փայլաթիթեղի, ֆերոմոլիբդենի, կոնյակի հումքի, ծխախոտի արտահանման շուրջ

Պապոյան. Բաքվի հետ բանակցում են փայլաթիթեղի, ֆերոմոլիբդենի, կոնյակի հումքի, ծխախոտի արտահանման շուրջ

9 հունվարի 2026 – 15:42 AMT

PanARMENIAN.Net – Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում է Factor.am-ը:

«Ադրբեջանական ընկերություններ էլ կան, որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքեր ներմուծելու։ Ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքերի ցանկ է ներկայացրել, որը իրենց հետաքրքրում է, մենք ուղարկել ենք քանակը, որը կարող ենք արտահանել։ Մեր ցանկի մեջ կան նաև վարդ, ջերմոցային արտադրանքեր՝ լոլիկ, պղպեղ։ Մոտավոր գին ենք առաջարկել»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն ընդգծել է, որ առաջին արտահանման ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։ Նրա խոսքով՝ մատակարարումներն կսկսվեն այն պահից, երբ հայկական և ադրբեջանական ընկերությունները համատեղ պայմանավորվածության գան։

Ադրբեջանից գնված նավթամթերքի երկրորդ խմբաքանակը այս պահին գտնվում է ճանապարհին։ Ադրբեջանից Հայաստան ուղարկվել է 7600 տոննա նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, իսկ 1500 տոննան՝ դիզելային վառելիք։ Մինչ այդ էլ ներմուծվել է 1200 տոննա բարձրակարգ բենզին։

Ներկրող կազմակերպությունները փոխկապակցված են ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։

Leave a Comment