Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին՝ Ստամբուլում ջերմ ընդունելության համար

Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը նամակով մը շնորհակալութիւն յայտնեց Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հօր։

Ինչպէս ծանօթ է, Նորին Սրբութիւնը Ստանպուլ այցելութեան օրերուն՝ 30 Նոյեմբեր 2025, Կիրակի առաւօտ այցելած էր նաեւ Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի եւ մէկտեղուած Նորին Ամենապատուութեան հետ։

Նամակին մէջ Նորին Սրբութիւնը ըսաւ.

«Նորին Ամենապատուութիւն

Տ. Սահակ Բ.

Պատրիարք Հայոց Թուրքիոյ

Երախտապարտ սրտով կ՚ուզեմ անգամ մը եւս շնորհակալութիւն յայտնել Ձեզի՝ Սուրբ Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցւոյ մէջ ընծայուած ջերմ ընդունելութեան, ինչպէս նաեւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ միջեկեղեցական յարաբերութիւններու բնագաւառէն ներս ունեցած նշանակելի ներդրումներուն լոյսին տակ խորհրդածելու առիթին համար։

Նման պահեր կը ծառայեն մեր երկու Եկեղեցիներուն միջեւ եղբայրական կապերը ամրացնելու եւ խորացնելու։ Յոյսով կ՚ակնկալեմ կատարեալ հաղորդութեան վերականգնման ուղիով հետագայի հանդիպումներուն։

Կը վստահեցնեմ, որ Ձեզ կը յիշեմ իմ աղօթքներուս մէջ։ Խոնարհաբար կը խնդրեմ, որ Դուք ալ զիս յիշէք ձեր աղօթքներուն մէջ։ Աստուածամայրը իր Որդւոյն գահին առջեւ թող բարեխօսէ մեզի համար։

Լեւոն ԺԴ. Պապ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment