Այսօր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը փորձեց սրբագրել երկրի ղեկավարի երեկվա հայտարարությունը. այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին։
«Այդ անձի կառավարիչ դառնալու օրվանից հայտարարում են, որ կան 20-ից ավելի վարույթներ։ Բա ո՞ւր են այդ վարույթները, այսինքն` մենք կասկածի տա՞կ ենք դնում մեր իրավապահների գործունեությունը»,- ասաց Դավիթ Ղազինյանը։
Նա նշեց, որ իրենց կողմից ներդրված համակարգը, հաշվիչներն ուղղակի թույլ չեն տալիս հավելագրում անել, և բացատրեց` ինչպես։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության երեկվա նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թալանել են յուրաքանչյուր ընտանիքի։
«ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում ՀԷՑ-ը փող չի գողացել»,– ասել էր նա։
Նրա հայտարարությունից հետո, այսօր Ռոմանոս Պետրոսյանը գրել է․ «Ավելի քան 5 ամիսների գործունեությանս ընթացքում տիրապետում եմ ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են վարչապետի խոսքերը»։