«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնի համար երեք թեկնածու է ընտրել

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ձեռնամուխ է եղել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի փնտրտուքներին և նախատեսում է հանդիպումների շարք անցկացնել հավանական թեկնածուների հետ։

ESPN-ի տեղեկություններով՝ կարճ ցուցակում ընդգրկված են ակումբի երեք նախկին աստղերը՝ Մայքլ Քարիկը, Ռուդ վան Նիստելռոյը և Օլե-Գունար Սուլշերը։

Ակումբի ղեկավարության նպատակն է ներգրավել որակյալ մասնագետի կարճաժամկետ հեռանկարով՝ թիմը ղեկավարելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Սա թույլ կտա ղեկավարությանը ժամանակ շահել և ամռանը կշռադատված որոշում կայացնել երկարաժամկետ գլխավոր մարզչի ընտրության հարցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի ներկայացուցիչները նախնական զրույց են ունեցել Սուլշերի հետ, ով 2018-2021 թվականներին արդեն զբաղեցրել է այս պաշտոնը։

Մինչ նոր նշանակումը, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում թիմը կգլխավորի Դարեն Ֆլետչերը։

Հիշեցնենք, որ «Օլդ Թրաֆորդում» կադրային փոփոխությունները սկսվեցին հունվարի 5-ին, երբ ակումբը պաշտոնապես հայտարարեց պորտուգալացի Ռուբեն Ամորիմի պաշտոնանկության մասին։ Ամորիմը թիմը գլխավորում էր 2024 թվականի նոյեմբերի 11-ից։

Leave a Comment