Չեղարկվել է Հալեպ-Երևան չվերթը

«Զվարթնոց» օդանավակայանից տեղեկանում ենք, որ չեղարկվել է Հալեպ-Երևան չվերթը, որը նախատեսված էր այսօր:

Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո, որոնք հազարավոր խաղաղ բնակիչների ստիպեցին փախչել՝ այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Հալեպում հրադադարի մասին:

Հաղորդվում է, որ բախումների հետևանքով 21 զոհ կա: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան «վերադառնալ և վերսկսել իրենց բնականոն կյանքը անվտանգության և կայունության մթնոլորտում»։ Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ մոտ 16,000 մարդ է փախչել:

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ հալեպահայերի տների վրա հրասանդեր են ընկել, վնասները նյութական են, տուժածներ չկան: Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել, նախօրեին հայտնել է «Գանձասար» հանդեսը:

Leave a Comment