Հունվարի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները, քննչական խումբը:
Տեղեկություններ են ստացվել, որ վրաերթ կատարած ավտոմեքենան դեպքի վայրից, որը ժողովրդին ավելի հայտնի «Տեցի կրուգ»-ն է, ուղղություն է վերցրել դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի կողմ։
Պարեկները մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կայանված վիճակում, իսկ մեքենայից մի քանի մետր այն կողմ հայտնաբերել են 2 քաղաքացու։
Զրույցի ընթացքում այդ քաղաքացիները պարեկներին հայտնում են, որ մեքենան իրենցն է, բայց իրենք ուղղակի կանգնած են։ Պարեկներին հաջողվել է պարզել, որ վրաերթը տեղի է ունեցել նշված մեքենայով, ինչից հետո արդեն նշված վայր է ժամանել քննչական խումբը, նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և կասկածյալների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալներն են Երևանի բնակիչներ 27-ամյա Մ. Օսիպովը և 39-ամյա Ա. Գաիջյանը։ Մ. Օսիպովը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, երկուսն էլ ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։
Իսկ մահացածը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
163 դիտում