
«ՌԴ նախագահի նստավայրի վրա Կիևի հարձակմանն ի պատասխան՝ ռուս զինծառայողներն ուկրաինական կարևորագույն թիրախներին զանգվածային հարված են հասցրել, այդ թվում՝ «Օրեշնիկ» հրթիռային համակարգով», -այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Վալդայում Պուտինի նստավայրի վրա դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով «գրոհի փորձի» մասին առաջինը հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այնուհետև Կրեմլը «գրոհի փորձը» որակել էր «բանակցային գործընթացի տապալմանն ուղղված ահաբեկչական գործողություն» և սպառնացել Ռուսաստանի «բանակցային դիրքորոշման կոշտացմամբ»: Ռուսաստանցի պաշտոնյաներն իրենց պնդումների ապացույցներ չէին ներկայացրել:
Դեկտեմբերի 31-ին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ասուլիս անցկացրեցին, որի ժամանակ իբր կեցավայրի վրա «խոցված անօդաչուի» կադրեր ցուցադրեցին, ինչպես նաև տեսանյութ, որում մոտակա ավանի մի բնակիչ պատմում էր իբր դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչուների թռիչքի ձայն լսելու մասին:
Պաշտոնական Կիևը, սակայն, հերքել է Ռուսաստանի նախագահի կեցավայրի վրա հարձակման մասին պնդումները: Կիևը հայտարարել է, թե Մոսկվան դեռևս որևէ շոշափելի ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու իր պնդումը, թե ուկրաինական անօդաչուները հարձակում են իրականացրել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վալդայի նստավայրի վրա։
Ուկրաինայի արտգործնախարարը պնդել է, թե այս կեղծ մեղադրանքներով Մոսկվան փորձում է խափանել խաղաղության շուրջ բանակցությունները։ Կրեմլն իր հերթին հայտարարել է, թե չի կարող ապացույցներ ներկայացնել, քանի որ «անօդաչու բոլորը սարքերը խոցվել են»։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ օրերս հայտարարեց, որ չի հավատում Վալդայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին ուղղված հարվածի մասին տեղեկատվությանը:
«Չեմ հավատում, թե այդ հարվածը եղել է», – ասել է Թրամփը Air Force One նախագահական օդանավում լրագրողի հարցին ի պատասխան: