Գլխավոր մարզիչը գոհ է Զախարյանից․ Մունդուատե

Սան Սեբաստիանը ներկայացնող «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ներկայացուցիչ Յոն Անդեր Մունդուատեն պարզաբանումներ է ներկայացրել կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի վերաբերյալ։

Sport24-ի հետ զրույցում ակումբի ներկայացուցիչը հերքել է ֆուտբոլիստի հնարավոր հեռացման մասին շրջանառվող լուրերը և մեկնաբանել գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոյի վերաբերմունքը խաղացողի նկատմամբ։

«Գլխավոր մարզիչը գոհ է Զախարյանից, իսկ ինքը՝ Արսենը, առանց որևէ խնդրի մարզվում է և պատրաստվում «Խետաֆեի» դեմ հանդիպմանը։ Թե՛ մարզիչը, թե՛ ակումբը չեն դիտարկում Զախարյանի հեռանալու տարբերակը», – նշել է ակումբի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Պելեգրինո Մատարացոն «Ռեալ Սոսյեդադը» գլխավորել է 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ կնքելով պայմանագիր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Զախարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

Leave a Comment