Մոլորակի ամենամեծ կղզին՝ ախորժալի պատառ
Դոնալդ Թրամփը բնավ առաջին ամերիկացի նախագահը չէ, որը ցանկացել է Վաշինգտոնի հսկողության տակ առնել աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան:
Ամերիկացիներն այդ մասին մտածել են դեռ 1867 թվականին, երբ պետքարտուղար Ուիլյամ Սթյուարթը Կոնգրեսին կոչ է արել գնել տարածքը, սակայն գաղափարը մերժվել է:
Ամերիկացիները Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1946-ին Հարի Թրումենի նախագահության օրոք Գրենլանդիայի համար նույնիսկ 100 միլիոն դոլար են առաջարկել, բայց այս անգամ էլ Դանիան է մերժել:
Գործնականում ամերիկացիները հզոր ներկայություն ունեն Գրենլանդիայում, քանի որ ռազմակայան են տեղադրել, բայց մերթ ընդ մերթ հիշում են նաև կղզին սեփականացնելու գայթակղիչ տարբերակի մասին:
Սակայն առկա է Թրամփի ծրագիրը խոչընդոտող մի գործոն՝ Գրենլանդիան պատկանում է ՆԱՏՕ-ի անդամ Դանիային, և կղզին այդ թվում ուժային եղանակով գրավելու մասին քննարկումները նյարդայնացնում են թե՛ դանիացիներին, և թե՛ ընդհանրապես ՆԱՏՕ-ի մյուս անդամներին:
Սպիտակ տունը չի էլ թաքցնում, որ Գրենլանդիային տիրանալու ցանկությունը պայմանավորվում է անվտանգության խնդրով: Այդ է նշել Սպիտակ տան մամլո խոսնակ Քերոլայն Լևիթը:
«Արկտիկական տարածաշրջանի նկատմամբ պետք է ավելի մեծ վերահսկողություն, պետք է ապահովել, որ Չինաստանը, Ռուսաստանը և մեր մյուս հակառակորդները չկարողանան շարունակել իրենց ագրեսիան այս շատ կարևոր և ռազմավարական տարածաշրջանում: Կլինեն նաև շատ այլ առավելություններ, որոնց մասին խոսում են նախագահը և նրա ազգային անվտանգության թիմը»,- ասել է Լևիթը:
Թրամփը նախապատվությունը տալիս է դիվանագիտությանը
Երեկ Թրամփը սոցցանցում գրել Է, թե Ռուսաստանը և Չինաստանը զրո աստիճանի վախ ունեն ՆԱՏՕ-ից՝ առանց Միացյալ Նահանգների:
«Բայց մենք միշտ կլինենք ՆԱՏՕ-ի կողմից, նույնիսկ եթե այնտեղ մյուսները մեր կողմից չլինեն»,- ավելացրել Է Թրամփը:
Ճեպազրույցում լրագրողները խոսնակից հետաքրքրվել են՝ ուժի կիրառում հնարավո՞ր Է, տիկին Լևիթն արձագանքել է, թե բոլոր նախագահներն էլ հաշվի են առնում ամենատարբեր հանգամանքները և հնարավոր քայլերն, ապա ավելացրել է:
«Նախագահ Թրամփի համար բոլոր տարբերակները միշտ սեղանին են, երբ նա ուսումնասիրում է, թե ինչն է համապատասխանում Միացյալ Նահանգների շահերին։ Բայց նրա առաջին տարբերակը միշտ էլ եղել է դիվանագիտությունը»,- ասել է Լևիթը։
Վերլուծաբանները նշում են, որ ուժով Գրենլանդիայի զավթումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի կազմալուծման:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ առաջիկայում քննարկում կանցկացնի դանիացիների հետ և հրաժարվել է խոսել ուժ կիրառելու հնարավորության մասին:
«Ես այստեղ չեմ խոսելու Դանիայի կամ ռազմական միջամտության մասին, ես հաջորդ շաբաթ կհանդիպեմ նրանց հետ, այդ ժամանակ էլ մենք ամեն ինչ կքննարկենք, իսկ հիմա ավելացնելու բան չունեմ»,- ասել է Ռուբիոն։
Թվում է, թե գործ ունենք կրակի հետ խաղացող դեռահաս դպրոցականների հետ
Օրենսդիրների շրջանում կան գործիչներ, որոնք Գրենլանդիայի հարցում անվերապահորեն սատարում են Թրամփին, բայց կան նաև նախագահի մտադրությունը կտրականապես մերժողներ, այդ թվում հանրապետականներ:
Կոնգրեսական Դոն Բեյքոնի համոզմամբ, Գրենլանդիան, Դանիան՝ ԱՄՆ-ի դաշնակիցներն են, Թրամփի հնչեցրած սպառնալիքները վնասակար են հենց Ամերիկայի համար:
«Սա ուղղակի սխալ է։ Ինձ թվում է՝ սա շատ սիրողական, շատ սիրողական։ Թվում է, թե գործ ունենք կրակի հետ խաղացող դեռահաս դպրոցականների հետ»,- ասել է կոնգրեսականը։
«Թրամփը գործարար է, բայց Գրենլանդիան ապրանք չէ»
Դե իսկ բուն Գրենլանդիայում մտահոգված են, չգիտեն, թե ինչ կարող է վաղը պատահել: Կղզու տեղական օրենսդիր մարմնի անդամ Նիվի Ռոսինգի խոսքով, գրենլանդացիները բիզնես չեն, մարդիկ են, ունեն իրենց երկիրը, մշակույթը, լեզուն:
«Մենք ապրանք չենք: Մարդիկ պետք է դա հասկանան։ Գիտեմ, որ Դոնալդ Թրամփը գործարար է, բայց Գրենլանդիան ապրանք չէ, մենք ժողովուրդ ենք։ Եվ դա պետք է շատ լուրջ ընդունվի և հարգվի»,- ասել է Ռոսինգը։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսները հայտարարել է, որ ուժով Գրենլանդիայի գրավումը կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը: