Ընթրիք, որը վճռեց Կանսելուի ճակատագիրը. ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց Դուբայում

Ժոաո Կանսելուի վերադարձը «Բարսելոնա» անհավանական էր թվում շատերի համար, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց Ամանորից առաջ Դուբայում կայացած հանդիպման արդյունքում։

Ինչպես հայտնում է AS-ը, պորտուգալացու տեղափոխությունը կատալոնական ակումբ միանշանակ չի ընդունվել ակումբի մարզական ղեկավարության կողմից, սակայն նախագահ Ժոան Լապորտայի և ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հանդիպումը վճռորոշ դարձավ։

Կանսելուի վարձակալությունը Միլանի «Ինտեր» գրեթե ավարտված գործարք էր։ Սակայն Globe Soccer Awards մրցանակաբաշխության օրերին Դուբայում գտնվող Մենդեշը, ով ներկայացնում է նաև «Բարսելոնայի» մի շարք այլ ֆուտբոլիստների (Լամին Յամալ, Բալդե), Լապորտային փոխանցել է Կանսելուի անձնական ցանկությունը՝ վերադառնալ Կատալոնիա։ Լապորտան դրական է արձագանքել և «կանաչ լույս» վառել տրանսֆերի համար։

Ըստ աղբյուրի՝ Դեկուի գլխավորած մարզական հանձնաժողովում Կանսելուի վերադարձի վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն եղել։ Շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս գործարքին, հատկապես հաշվի առնելով, որ վերջին 4 ամիսների ընթացքում «Ալ Հիլալի» կազմում նա մասնակցել է ընդամենը 6 հանդիպման։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը, չնայած պաշտպանական գծում առկա ռեսուրսներին, աջակցել է տրանսֆերին.

«Ես խոսել եմ շտաբի հետ, և Արաուխոյի վերադարձով մենք ունենք կենտրոնական պաշտպաններ։ Սակայն Կանսելոն բարձր մակարդակի և մեծ փորձ ունեցող խաղացող է։ Եթե նա գա, ես 100 տոկոսով ուրախ կլինեմ», — ասել է Ֆլիկը։

Leave a Comment