Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում արդեն երրորդ օրն է` ծանր մարտեր են ընթանում։ Ռազմական գործողություններ են ծավալվել Շեյխ-Մաքսուդ ու Աշրաֆիա թաղամասերում, որոնք հիմնականում քրդերով են բնակեցված, բայց այլ համայնքների ներկայացուցիչներ ևս կան, այդ թվում` հայեր։
Վերջին տվյալներով` Սիրիայի անցումային կառավարության զորքի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) քրդական ջոկատների միջև բախումներ են ընթանում Շեյխ-Մաքսուդում: Մերձավոր Արևելքի ուղղությամբ մասնագիտացած տելեգրամյան ալիքների տեղեկություններով` կառավարական զորքերը կիրառում են զրահատեխնիկա, հրետանի, ԱԹՍ–ներ: Չնայած աշ-Շարաայի զորքի զգալի թվային գերազանցությանն ու հագեցվածությանը` քրդերը համառ դիմադրություն են ցուցաբերում, և Շեյխ-Մաքսուդը գրավելու փորձերն առայժմ ձախողվում են։
Համացանցում տարածված մի տեսանյութում երևում է, թե ինչպես են կառավարական ջոկատները քրդերի ճնշման ներքո դիմում փախուստի։ Մարտերի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Թուրքական ԶԼՄ-ները տարածում են քրդական ջոկատների կին անդամների գերեվարման կադրերը։ Ավելի վաղ աշ-Շարաայի զորքը քաղաքացիական բնակչությանը հորդորել էր տեղափոխվել անվտանգ տարածքներ։ Բայց զոհեր և տուժածներ կան նաև խաղաղ բնակչության շրջանում։ Բարեբախտաբար, հալեպահայերի շրջանում տուժածներ չկան, բայց հայտնի է, որ բախումների հետևանքով նաև հայերի տներ են վնասվել։