ՀՀ-ն ու Ադրբեջանը ապրանքների ցուցակ են փոխանակել՝ ով ինչ կարող է վաճառել․ Փաշինյանի նոր շեշտադրումները

2025-ի տարեվերջին ադրբեջանական Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրակարգում ոչ միայն սահմանազատման հարցն էր, այլ՝ տնտեսական կապերի և առևտրի։

Այս պահի դրությամբ Ադրբեջանն իր արտադրանքի արդեն երկրորդ խմբաքանակն է ուղարկում Հայաստան։ Կողմերի միջև քննարկումներ են․ թե ինչ ապրանքատեսակներ կարող են փոխադարձաբար հետաքրքիր լինել։ Այս լուրը 2026-ի իր առաջին ճեպազրույցում հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ նաև սահմանազատման հարցում առաջիկայում կլինեն լուծումներ, քանի որ դրա հետ է կապված նաև TRIPP ծրագրի գործարկումը։

Հայաստանը Ադրբեջանից կստանա նավթամթերքի երկրորդ խմբաքանակը։ Առաջինը հասել էր 21 օր առաջ՝ 1300 տոննա բենզին։ Հունվարի 8-ից ուղարկվող նոր խմբաքանակում AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա է, նաև 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։ Ադրբեջանական մամուլի տվյալներով՝ փոխադրումը կկատարվի Գուզդեկի երկաթուղային և Բաքվի բեռնատար կայարաններից։

Հայկական կողմից ադրբեջանական նավթամթերքի երկրորդ խմբաքանակը ներկրում են նույն երկու ընկերությունները՝ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ»-ը և «Շիշա Ուորլդ» ընկերությունը, որն իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է 2022-ի դեկտեմբերին և 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։

Սա չի նշանակում, սակայն, որ ներկրումները մենաշնորհային են՝ լրագրողների հետ ճեպազրույցում շեշտում է վարչապետ Փաշինյանը՝ բացահայտելով հայ գործարարներին կառավարության առաջարկի հիմքում եղած հաշվարկները։

«Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել էր պատրաստակամություն՝ վաճառել նավթամթերք։ Հայաստանի կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, այն գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել։  Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն, և երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում,   կապ են հաստատել։ Ի միջի այլոց, ասեմ՝ բոյկոտի դրսևորում առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ եղավ։ Եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը և մտավախությունը ճիշտ էր։ Հիմա մեկ, երկու, երեք, չորս, հինգ, ես կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար և ով ուզենա, կարող է դրանից օգտվել»։

Մտավախություններ կան, բայց գործարարների համար սահմանափակում՝ ոչ՝ ասաց Փաշինյանը։ Ավելին՝ այս պահին այլ ուղղությամբ էլ է աշխատանք տարվում։

«Հիմա, անկեղծ ասած, պրոցեսներ կան, որ Հայաստանը և Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ վաճառելու և ինչ գնելու հարցում են հետաքրքրված։ Պրոցես գնում է, երբ  նորություններ կլինեն, կիմանանք։ Այսինքն` կա քննարկում, ես գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակվել։ Դեռ ուսումնասիրվում է»։

Ուշագրավ է, որ տնտեսական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանական Գաբալա քաղաքում՝ փոխվարչապետներ, սահմանազատման հարցերի հանձնաժողովների ղեկավարներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուսթաֆաևի հանդիպմանը։ Ի տարբերություն տնտեսական կապերի, սահմանազատման առումով այս պահին քայլերը որոշակի չեն հատկապես այն առումով, թե ինչպես են դրանց միջոցով  հայկական տարածքներից դուրս բերվելու ադրբեջանական զինված ուժերը։

«Սահմանազատման գործընթացը հենց դրա մասին է, որ ճշգրտվեն փոխադարձաբար ճանաչված տարածքները Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Սահմանազատման գործընթացում, գիտեք, որ հանդիպում տեղի է ունեցել, և հիմա որոշակի աշխատանքային պրոցեսներ են տեղի ունենում, և պատեհ առիթով գործընթացը կշարունակվի։ Այսինքն` հիմա էլ է շարունակվում։ «Գետնի վրա», իհարկե, տեղի կունենա, որովհետև հատկապես կապուղիների և TRIPP ծրագրի մեկնարկի համատեքստում առնվազն պետք է սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել։ Եվ այո, ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է գնում «գետնի վրա», երբ լինի, համապատասխան տեղեկատվությունը կլինի։ Նրբություններ ունեցող աշխատանք է։ Հիմա այդ նրբությունների, փաստաթղթային նախապատրաստությունների վրա աշխատանք է տեղի ունենում»։

Հենց TRIPP-ի  հետ կապված էլ վերջին շրջանում շրջանառվում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Հայաստան հնարավոր այցի թեման, ըստ լուրերի՝ դա կլինի ԱՄՆ պետքարտուղար Ջեյ Դի Վենսը, հնարավոր ժամկետը՝ փետրվարը։ Փաշինյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տարածվող այս լուրերը։

«Գիտե՞ք՝ նման մակարդակի այցերի 100%-ով հաստատված լինելը պետք է համարվի դրա մասին պաշտոնական հաղորդագրությունը։ Այսինքն` եկեք շարժվենք այդ տրամաբանությամբ»։

Այս տարվա իր առաջին ճեպազրույցում վարչապետն ասում է՝ հասնում է իր նպատակներին։

«Այո, սա է այն Հայաստանը, որը պետք է գար և սա լավ Հայաստան է։ Ես ասել եմ, որ սա իրական Հայաստանն է՝ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների պետությունն է, ես ասել եմ, որ 2021 թվին մենք ասում էինք, որ ապագա կա, այսօր ասում ենք, որ ապագան այսօր է։ Երբ մենք նայում ենք Հայաստանի տնտեսական ցուցանիշները, Հայաստանի միջազգային հեղինակությունը, Հայաստանում և նրա շուրջ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, ըստ էության, այո՛, դա այն խնդիրն էր, որը մենք 2021 թ.-ին ուզում էինք լուծել և մենք լուծել ենք այդ խնդիրը»։

ՀԱՊԿ լիարժեք վերադառնալու մասին ՀՀ-ն դեռ ասելիք չունի

Այս ընթացքում Հայաստանը բազմիցս խոսել է  անվտանգության առումով դասեր քաղելու մասին, զուգահեռաբար  ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության առումով լուրջ սպասումներ ունեն։ Ընդամենը 21 օր առաջ կառույցի գլխավոր քարտուղարը հույս էր հայտնել, որ «Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցության ձևաչափին»։ Կառույցի հետ կապված Հայաստանի հետագա ծրագրի մասին վարչապետը գերադասեց չխոսել․

«ՀԱՊԿ-ի հետ կապված ոչ մի բան չունեմ ասելու, եթե նոր բան ունենայի ասելու, կասեի։ Ինչ որ ասել եմ նախորդ անգամ, ուժի մեջ է»։

Ինչ վերաբերում է ներհայաստանյան խնդիրներին, ապա դրանցից առաջինը և աննախադեպը գրանցվեց հենց Ամանորին․ մինչ բազմաթիվ մարդիկ Հանրապետության Հրապարակում վարչապետի գլխավորությամբ վայելում էին լուսային շոուն, հազարավոր մարդիկ 2026-ը դիմավորեցին մթության մեջ։ Վարչապետը ներողություն խնդրեց միջադեպի համար, բայց կարծում է, որ հիմնական պատասխանատուն գործող կառավարիչը չէ։

«Այն պրոցեսները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք` սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները և, մասնավորապես, Հայաստանի մարզային բնակավայրերում, և եթե 6 ամսվա ընթացքի պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ երեք անգամ ավելի։ Ես հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը երկար ժամանակ արվում էր Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում»։

Փաշինյանի համար սա հիմք է ենթադրելու, որ ՀԷՑ-ի հետ կապված որոշումները պետք է կայացներ ոչ թե 6 ամիս, այլ միգուցե՝ երեք տարի առաջ։

Ինչու է Փաշինյանը փոխում իր ծառայողական մեքենայի համարները

Գործադիրի ղեկավարն, ի դեպ, տարին սկսեց նաև խորհրդանշական, ոչ առանցքային, բայց սկզբունքային հարց լուծելով։ Փոխվում է կառավարության ղեկավարի ավտոմեքենայի պետհամարանիշի ձևը, այնուհետև այն պետք է լինի Հայաստանի դրոշը և 1 թվանշանը։ փոփոխության տրամաբանությունը բացատրում է այսպես։

«Որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառը, այդպես արձանագրվել է, որպես Սերժ Սարգսյանի անվան անվանատարեր և ոչ թե կոնկրետ անձի հետ կապված։ Մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատար կրի։ Այսինքն` հիմա ես էլ չպետք է գրեմ ՆՓ 001։ Դե դա անձնական ընտրության հարց է այս դեպքում պետական ընտրության հարց է, և պետական ընտրությունը, կարծում եմ, արվել է հենց այդ տրամաբանությամբ, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն»։

Ժամանակին «գոլդ» կոչվող համարներից և իշխանական վայելքներից դժգոհող Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում հասկացել է, որ այնուամենայնիվ, պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր են պահել, և այդ ատրիբուտները պահելը անձնական քմահաճույք չէ, այլ՝ պետական արարողակարգի հարց։ Դա է պատճառը, ասում է Փաշինյանը, որ ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ, այո, վերանայել են։

Leave a Comment