Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան գործից, մեկ անձ ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան գործի վերաբերյալ։
Ստորև ներկայացնում ենք ոստիկանության հաղորդագրությունը։
«Երևանի քրեական հետախույզները բացահայտել են մայրաքաղաքում կատարված սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։
Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնում էին, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Ռոբերտ Ստեփանյանին։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ մահացել է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ 41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41 և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։
Երևանի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է»։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ արձակվել է 12 կրակոց, որոնցից 3-ը կպել էին նրան։ Վերջինս վիրահատվել էր, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ Նշենք, որ այս պահին քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, կալանքի տակ է՝ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանությունը կազմակերպելու համար։