Մենք մեծ կարևորություն ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչիին․ հայտնում են ԱԳՆ-ից։

Քննարկվել է երկու երկրների հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

«Մենք, հասկանալիորեն, մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին: Ըստ էության՝ մեզ համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են: Եվ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս՝ արդեն ընթացիկ տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումն առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակում։ Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մշակվող ծրագրերին և դրանց միջոցով ընձեռնվող հնարավորություններին։

Leave a Comment