Վրաստանը նախկինի պես սպասում է Եվրամիության կողմից ներողության՝ կապված 2025 թվականի հոկտեմբերի 4-ին պետական հեղաշրջման փորձին աջակցելու հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիին։
Պապուաշվիլիի խոսքով՝ իրադարձություններից արդեն մի քանի ամիս է անցել, սակայն Եվրամիությունն այդպես էլ գնահատական չի տվել Թբիլիսիում տեղի ունեցած բռնի գործողություններին: Նա նշել է, որ ԵՄ-ն չի դատապարտել նախագահական պալատի գրոհը, որը, վրացական իշխանությունների պնդմամբ, իրականացվել է Եվրամիության հետ կապված կառույցների աջակցությամբ:
Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Թբիլիսին ակնկալում է առնվազն եվրոպացի ներկայացուցիչների հայտարարությունը՝ խոստովանելով, որ պետական ինստիտուտների բռնի զավթումը չի համապատասխանում եվրոպական արժեքներին: Նրա խոսքով՝ վրացական կողմը պատրաստ է սպասել ԵՄ արձագանքին մինչև փետրվարի սկիզբ:
Ավելի վաղ՝ 2025 թվականի հոկտեմբերին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ հոկտեմբերի 4-ի իրադարձությունները երկրում վերջին չորս տարվա ընթացքում հեղափոխության հինգերորդ փորձն էին՝ ընդգծելով, որ իշխանությունները թույլ չեն տա նման գործողությունների կրկնություն։
